Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ մամուլում  հրապարակումներ կան, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, մտնում են նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում:

 

Այսօր Ազգային ժողովում ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք կառավարության ղեկավարի նման հայտարարությունը չի՞ փաստում, որ գերատեսչությունների ղեկավարներն իսկպես օգտագործում են վարչական ռեսուրսն՝ ընտրություններին ընդառաջ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ կառավարության ղեկավարը նման բան է հայտարարում, դեռ չի նշանակում, որ նման բան կա: Հանրության մեջ կա նման մտավախություն, դա հանրության գիտակցության մեջ է, և վարչապետն, ընդամենը, հավելյալ անգամ  հանձնարարեց, որ չի կարելի կիրառել ադմինիստրատիվ ռեսուրսը ընտրություններին ընդառաջ`հաշվի առնելով իր ուղղակի պատասխանատվությունը»:

 

Ըստ պատգամավորի՝ բոլորը գիտեն, որ պաշտոնյաները ընտրությունների ժամանակ օգտագործում են պետական լծակները, և վարչապետն ընդամենն ասաց այն,  ինչի մասին նաև  հանձնարարել է երկրի նախագահը: 

 

Խոսրով Հարությունյանը, խոսելով խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին, ասաց, որ մինչ այս պահը հստակեցված չէ, թե ինքն ինչպես կմասնակցի ընտրություններին: