Այսօր ազգային Ժողովում Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքրվեց բուհական համակարգի հերթական կոռուպցիոն սկանդալի՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Նախարարի տեղակալը  մեզ հետ զրույցում նշեց, որ թեև Բրյուսովի համալսարանում արձանագրված 36 միլիոն դրամի պակասուրդը չի կարելի դիտարկել կոռուպցիա ամբողջ բուհական համակարգում, բայց, այնուամենայնիվ,  բուհական համակարգը գտնվում է հակակոռուպցիոն ռազմավարության թիրախում. «Արդարադատության նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության մեջ՝ թիրախավորված ոլորտներ են համարվում չորս ճյուղեր. բուհական, ոստիկանության, հարկային դաշտ և առողջապահություն: Այս ոլորտների ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների հետ շփումները շատ են: Այո՛, բուհական համակարգը հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ընգդգրկված է որպես թիրախավորված կենտրոն»,-նշեց Սուրեն Քրմոյանը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ հաղորդելով Բրյուսովի անվան համալսարանում, ընդհանուր առմամբ, մոտ 36 միլիոն դրամի պակասուրդի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: Նշենք նաև, որ  Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորն է Արթուր Ավագյանը: Նա ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եղբայրն է: 

 

ՀԳ.  Բրյուսովի անվան համալսարանում բացահայտված կոռուպցիոն սկանդալն առաջինը չէ  բուհական համակարգում. բոլորվին վերջերս հանրությանը հայտնի դարձավ նաև մեկ այլ արատավոր երևույթ, երբ բուհերը վաճառել էին կեղծ դիպլոմներ՝ արատավորելով կրթական համակարգը: