Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացավ Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան դաշինքի ստորագրումը:
Ողջունելով իր բնորոշմամբ՝ պատմական այս միջոցառումը, ՀՀ նախկին Պն Սեյրան Օհանյանը նշեց, որ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դրա հիմքում պետք է լինեն ազգային երաշխիքները: Ըստ Սեյրան Օհանյանի՝ մեր ժողովրդի համար կարևոր է անվտանգության երաշխիքների բարձրացումը: «Ես բազմաթիվ միջոցառումներ եմ իրականացրել բանակի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ և զգալով և գիտակցելով բնակում առկա խնդիրները, նշում եմ, որ բանակի համար կա անվտանգության, թիկունքի խնդիր: Տարածաշրջանային միջոցառումներ պետք է իրականացվեն՝ այդ երաշխիքների բարձրացման համար:
Մենք եկել ենք աշխատելու և այն փորձը, որ ունենք, կիրառելու ենք կառավարման համակարգում: Մեր ամենամեծ թերությունն իշխանության և հասարակության մեջ առկա անջրպետն է, որը փորձելու ենք վերացնել: Մենք ուշադրություն ենք դարձնելու մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն և աշխատատեղեր ենք ստեղծելու նրանց համար:
Իմ պաշտոնավարման ընթացքում զինվորն ու սահմանամերձ համայնքի բնակիչը եղել է նույն հարթության վրա, քանի որ նրանք միասին են կերտում մեր երկրի անվտանգությունը»-ասաց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա կոչ արեց չլռել, եղած բացթողումները մատնացույց անել՝ հավելելով, որ իրենք 365 օր աշխատելու են տնտեսության առաջընթացի ապահովման համար: