Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի եւ եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձեւին, տեղեկացնում է BBC-ն:

Փաստաթղթին, որն առաջարկել է Բելգիայի նախկին վարչապետ եւ Brexit-ի շուրջը բանակցությունների պատասխանատու Գի Վերհոֆստադտը, «կողմ» է քվեարկել 283 եվրապատգամավոր՝ 269-ը եղել է դեմ եւ 83-ը ձեռնպահ է մնացել:

Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ-ի հիմնարար պայմանագրի բարեփոխման սկիզբ, նշել է հեռուստաալիքը:
«Ըստ էության Վերհոֆստադտն առաջարկում է կոլեկտիվ որոշումների կատարումից հրաժարվելու Եվրամիության անդամ երկրների իրավունքի սահմանափակում կամ նույնիսկ լիակատար վերացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գի Վերհոֆստադտը Եվրախորհրդարանում գլխավորում է լիբերալ դաշինքը եւ համարվում է եվրոպացի ֆեդերալիստների առաջնորդը, որոնք հանդես են գալիս միության ընդլայնման եւ ամրապնդման օգտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: