Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, որոնց հանգուցալուծման համար էլ հոգևոր այրերը պատրաստվում են գալ Հայաստան և հանդիպել Գարեգին Բ-ի հետ, ով իր ներդրումն է ունենալու հոգևոր այրերին հաշտեցնելու գործում:
ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ այս անգամ Արամ Աթեշյանի հայաստանյան այցը չեն կանխի, բողոքի ակցիաներ չեն իրականացնի, քանի որ ողջ հոգևոր դասի և հասարակ քաղաքացիների շահերից է բխում, որ Աթեշյանը գա Հայաստան և կարգալույծ արվի:
«Մարտի վեցից մինչև տասը Մայթ Աթոռ սուրբ Էջմիածնում կայանալու են հոգևոր այրերի Գերագույն Խորհրդի հոգևոր նիստեր: Այդ ժամանակ դրվելու է Արամ Աթեշյանի հարցը: Գերագույն խորհրդի հոգևոր նիստերը փակ նիստեր են, բայց լավ կլինի, եթե հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այդ օրերին լինեն Մայր Աթոռում: Նիստերի ընդմիջման ժամերին հնարավոր կլինի հոգևոր հայրերից առանձին հարցազրույցներ վերցնել՝ իրավիճակը հստակ հասկանալու համար: Պետք է նշեմ, որ նրանք, իսկապես, մեր լրագրողների հետ շփվելու կարիքն ունեն»:
Հարցին՝ ի՞նչ կասեք Արամ Աթեշյանին, երբ Մայր Աթոռում հանդիպեք նրան, Սարգիս Հացպանյանը պատասխանեց. «Ես Արամ Աթեշյանին ասելու ոչինչ չունեմ, ես ընդամենը կթքեմ նրա երեսին»:
Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է Գարեգին Բ-ին, որ Արամ սրբազանն ընդիմանում է և հրաժարվում է հրաժարական տալ: Նա ընդգծել է, որ ոչ ոք այլևս չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել Աթեշյանին, սակայն վերջինս էլ չի ցանկանում իր ընտրությունը՝ տեղապահի պաշտոնում:
Աղավնի Սուքիասյան