«Հանրապետական» կուսակցությունում նախընտրական կրքերը թեժացել են՝ ընդհուպ հասնելով ծեծկռտուքի: Երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շտաբերից մեկում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին տեղեկատվությունն այն մասին, որ Մասիսում երեկ միջադեպ է տեղի ունեցել. «Այո՛, միջադեպ եղել է, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել այդ մասին և ընթանում է նախաքննություն»:
Թե ինչ են մտածում ՀՀԿ-ական պատգամավորների միջև կատարվածի մասին «Հանրապետական» կուսակցությունում, փորձեցինք ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կատարվածի մասին, բայց այս պահին որևէ մանրամասն չի կարող հաղորդել. «Ե՛վ Մուրադ Մուրադյանը, և՛ Արայիկ Գրիգորյանը մեր կուսակիցներն են, մեր թիմի անդամները: Իրենք երկուսն էլ դատապարտում են կատարվածը: Այս պահին Մասիսում տեղի ունեցած միջադեպով զբաղվում են ոստիկանները, մենք նույնպես զբաղվում ենք այդ հարցով»:
Թե ինչ հանձնարարական է տվել նախագահը կատարվածի վերաբերյալ և տեղյա՞կ է արդյոք միջադեպից հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դեռ նախագահի հետ չեմ խոսել, տեղյակ չեմ, իսկ եթե բոլորը տեղյակ են, բնականաբար, այդ մասին գիտի նաև նախագահ Սերժ Սարգսյանը»:
Ի դեպ՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում է իր մասնակցությունը կատարվածին՝ նշելով, որ ինքը երեկ նշված ժամին եղել է Հրազդանի Կիրճում, իսկ Արայիկ Գրիգորյանի հետ կապվել՝ մեզ չհաջողվեց:
Նշենք նաև, որ Մուրադ Մուրադյանը և Արայիկ Գրիգորյանը ոչ միայն կուսակիցներ են, այլ նաև բարեկամներ: