Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով, պաշտոնական այցով Վրաստանում է:
Երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Վրաստանի վարչապետը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, ասել է. «Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել վարչապետի առաջին պաշտոնական այցը՝ Վրաստան, արդյո՞ք այս այցով հարևան երկրի հետ հարաբերությունները դրվեցին ավելի ամուր հողի վրա: Այս և այլ հարցերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:
Վրացագետը նշեց՝ քանի որ սա վարչապետի առաջին այցն էր Վրաստան, թվում էր՝ ավելի հակիրճ ֆորմատով պետք է տեղի ունենար հանդիպումը, բայց, փաստորեն, հանդիպումները բազմաբովանդակ են եղել:
«Կան հարցեր, որոնք, նպատակահարմար կլիներ, որ ավելի շուտ լուծում գտնեին: Օրինակ՝ տրանսպորտային փոխադրումների դեպքում. լավ կլիներ՝ լուծվեր «Լարսի բեռնաթափման» հարցը, և եթե հայկական կողմը համապատասխան միջամտությունը կարողանա ապահովել, ապա այդ գործընթացը կարագանա: Հյուսիս-հարավ ճանապարհի հարթեցումը ոչ միայն կբերի հայ-վրացական հարաբերությունների ավելի խորացմանը, այլև տարածաշրջանում Հայաստանի դերակատարության մեծացմանը: Հայ-վրացական հարաբերությունների մեջ շատ կարևոր է ջավախահայության հարցը, դրա պահպանման խնդիրը»,- ասաց վրացագետը՝ նշելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ վարչապետի պաշտոնական այցը նոր զարկ ու նոր լուծումներ կտա: Հատկապես հույս է տալիս այն հանգամանքը, որ նախկին իշխանությունների համեմատ՝ գործող իշխանություններն ավելի պատրաստակամ են և հարևանների հետ շփման առումով՝ որդեգրել են հավասարակշռված քաղաքականություն:
Վրացագետի խոսքով՝ նման այցելությունները պետք է շատ լինեն. «Եթե նայենք 2-3 տարիների կտրվածքով, այսօր, իհարկե, հնարավորությունները շատ են, որպեսզի հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր հողի վրա դրվեն և նոր զարգացում սկսեն ապրել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարկավոր է ակտիվացնել առկա համագործակցությունը, հատկապես, երբ կա պատրաստակամություն:
Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը, ըստ վրացագետի, շատ կարևոր է հատկապես այն դիտանկյունից, որ Վրաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այժմ փորձեր են արվում ռազմական ոլորտի համագործակցության հիմքեր դնելու. «Ճիշտ է, հիմա այդքան ակտուալ չէ, սակայն հեռանկարային առումով՝ սա մեզ համար խնդիր է»:
Սոնա Հարությունյան