Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալավերդու բժշկական կենտրոնում փետրվարի 12-ին ծննդկան է մահացել: 33-ամյա Անժելա Ղազարյանը, ըստ բժիշկների, մահացել է տրոմբոէմբոլիայի հետևանքով: Փոքրիկը, որը ծնվել էր թթվածնային քաղցով՝ տեղափոխվել էր Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն ասաց, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է. «Պետք է գլխուղեղի հետազոտություն անենք, տեսնենք՝ ինչպես է գլխուղեղի վիճակը: Ընդհանուր առմամբ՝ փոքրիկի վիճակը կայուն է: Դեպի լավն է գնում, բայց թե ինչպես կլինի՝ վերջնական հնարավոր չէ ասել, քանի որ թթվածնային քաղցից հետո դժվար է իմանալ»:
Բժշկուհու խոսքով՝ երեխան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում, որից հետո նրան իր խնամքի տակ կվերցնի բարեկամուհին:
Նշենք, որ Ալավերդի ԲԿ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխան ծնվել է թթվածնային քաղցով՝ պոլտարարի փաթաթումով. «Նման ձևով ծնվող երեխայի մոտ բնական է՝ վիճակը այդպես էլ պետք է լիներ»:
Հավելենք՝ մահացած ծննդկանը Թեղուտ գյուղի բնակչուհի էր: Հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են բժիշկներին:
Լուսանկարը՝ hetq.am-ի