Մարզերում նախընտրական լարված իրավիճակը կարծես թե հասել է նաև Շիրակ: Այստեղ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ամբողջությամբ տարված է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: Ընդ որում, մարզպետը լրջագույն պատասխանատվությամբ է մոտեցել այս գործընթացին և նախընտրական ռիսկերից խուսափելու համար՝ իրեն շրջապատել է բացառապես յուրայիններով ու ՀՅԴ կուսակցությանը հավատարիմ մարդկանցով:

Դրա վառ ապացույցը 3-րդ փոխմարզպետի նշանակումն էր: Խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ փոխմարզպետ՝ 8-ամյա կրթությամբ Խաչատուր Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետի՝ Մխիթար Վարագյանի եղբայրն է, պաշտոն է ստացել՝ պայմանով, որ ընտրություններին աշխատելու է ՀՅԴ-ի օգտին: Հատուկ Վարագյանի համար՝ մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել եւ ավելացրել փոխմարզպետի երրորդ հաստիքը:

Ու սա այն դեպքում, երբ կառավարությունը հորդորում է կրճատել պետական ապարատի ծախսերը՝ օպտիմալացնելով պետական գերատեսչությունները: Բայց արի ու տես, որ այդ օպտիմալացումը վերաբերվում է միայն սովորական աշխատակիցներին, որոնք չունեն թիկունք:

Ընտրություններին ընդառաջ՝ մարզպետարանը բաժանվել է երկու թևի: Այսինքն՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ այս մարզի գլխավոր կառույցը միասնական չի լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ՀՅԴ-ական է, միանշանակ պարզ է, որ նա և ՀՅԴ-ական վարչության պետերը՝ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ձայներ են ապահովելու հարազատ կուսակցության համար:

Փոխմարզպետները օգնության կհասնեն ՀՀԿ-ին: Նրանք՝ Սերյան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը, ՀՀԿ-ականներ են և շատ ջերմ հարաբերությունների մեջ են Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով շարունակում է բարձր հեղինակություն վայելել Շիրակի մարզում:

Բնականաբար, մարզպետին այլ ելք չեր մնում՝ քան «լցոնել» մարզպետարանի աշխատակազմը սեփական թիմակիցներով. չէ՞ որ նրա մյուս երկու տեղակալները ՀՀԿ-ականներ են: Ընդ որում՝ դաշնակցական մարզպետը դաշնակիցներ է փնտրում նաև մարզպետարանի պատերից դուրս: Վառ ապացույցը Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի նշանակումն է:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին հավասար միավորներ էին հավաքել ժ/պ Արփինե Նիկողոսյանը եւ դպրոցի նախկին տնօրեն, ՀՎԿ կուսակցության անդամ Գոհարիկ Շահբազյանը, որի ընտրվելու համար պայքարում էր դպրոցի ողջ կոլեկտիվը: Սակայն Շիրակի մարզպետը հապաղում է տնօրեն նշանակել: ՀՅԴ Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ Արփինե Նիկողոսյանը ցուցակում 12-րդն է, իսկ նրա անվան դիմաց նշված է՝ Գյումրու թիվ 38 հիմն․ դպրոց ՊՈԱԿ, տնօրենի պաշտոնակատար:

Ինչպես երևում է՝ այսքանով Շիրակի մարզպետը սահմանափակվել չի պատրաստվում….


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ