«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է գրեթե 12 օր տևած հացադուլը՝ ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Նա իր փաստաբանի միջոցով կոչ է փոխանցել «Հաց Բերող»-ին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Հացադուլը դադարեցնում է՝ Արթուրին աջակցություն ցուցաբելու համար, որպեսզի հանրության ուշադրության կենտրոնում մնա: Նա խնդրում է Արթուրին՝ դադարեցնել հացադուլը, քանի որ անավարտ գործ ունեն, որի համար հարկավոր է առողջ լինել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանը նշեց՝ թեև Արայիկ Խանդոյանը օրեր շարունակ հացադուլի մեջ է եղել, սակայն ասել է՝ առողջական խնդիրներ չունի և լավ է զգում իրեն. «Միայն գլխապտույտներ ունի, որը բնական է 12-13 օր տևած հացադուլի դեպքում, քանի որ հետևանքներն անխուսափելի են»:
Արայիկ Խանդոյանի կոչում մասնավորապես ասված է.
«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու հոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:
Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես, չցանկանալով՝ թեւ կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»:
Սոնա Հարությունյան