Այսօր մեկնարկեց ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարել էր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։ Քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ելույթ ունենալով ներկաների առաջ, ասաց, որ իրենք երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ են դրել, և մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, իրենք այդ փոփոխություններն անում են:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավը՝ իրենց պլատֆորմի ներկայացմամբ։ «Մենք, ի տարբերություն շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն ենք։ Սկսում ենք՝ ՙՙՆոր սկիզբ, արդար Հայաստան՚՚ կարգախոսով։ Մեզ համար արդարությունը հիմքերի հիմքն է։ Արդարությունը հայ ժողովրդի տեսակի, բնույթի, էության մեջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի Հայաստանն է։ Մենք դրան հասնելու ենք։ Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ի գաղափարները հաղթելու են և հաղթելու է Հայաստանը։