Այսօր համացանցում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի տարածքով Ռուսաստան է ներմուծվել թուրքական արտադրության լոլիկ: ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ՀՀ ՊԵկ-ից պարզել՝ արդյո՞ք նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
«Այս պահի դրությամբ որևէ բան չենք կարող ասել: Տարվում է ուսումնասիրություն, որի ավարտից անմիջապես հետո, եթե լինի անրաժեշտություն՝ ՊԵԿ-ը կտարածի պաշտոնական հաղորդագրություն»,-հայտնեցին մեզ ՊԵԿ-ի լրատվական բաժնից՝ ըստ էության՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրի իսկությունը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ իրենց ակադեմիան նման տեղեկատվության չի տիրապետում. «Ո՞վ է ասում, որ Հայաստանից Ռուսաստան թուրքական լոլիկ է հասել: Նախկինում՝ այո՛, Վրաստանում պիտակները փոխում էին և լոլիկը Հայաստան չէր հասնում. Վրաստանով հասցնում էին Ռուսաստան, բայց որ Հայաստանի սահմանային անցակետով է ՌԴ թուրքական լոլիկ հասել, առաջին անգամ եմ լսում, չեմ պատկերացնում, որ նման բան եղած լինի, չգիտեմ, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»:
Նշենք, որ Rusarminfo կայքը, հղում անելով Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից «պատժամիջոցային» լոլիկի անօրինական ներկրումն ու իրացումը, որը ՌԴ էր հասել Հայաստանի տարածքով:
Համաձայն փոխադրողի մոտ առկա փաստաթղթերի՝ բանջարեղենը Ռուսաստանի Դաշնություն է ներկրվել Հայաստանի Հանրապետությունից, սակայն մթերքի մակնշումը վկայում է դրա թուրքական ծագման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Օրեր անց՝ Պյատիգորսկի շուկաներից մեկում հայտնաբերվել է 2 250 կգ թուրքական լոլիկ, որը նույնպես բերվել է Հայաստանից։
Աղավնի Սուքիասյան