Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի առաջատար Մհեր Մկրտչյանը Ֆրանսիայում պատրաստվում է նոր մրցաշրջանին:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հեծանվորդը պատմեց առաջիկա մեկնարկների մասին.
«2016 թվականի հունիսից մարզվում եմ և հանդես եմ գալիս Լեոնից 26 կմ հեռավորության վրա գտնվող ֆրասնիական Շարվե Շավայնե քաղաքի համանուն ակումբում: Մեկ տարվա համաձայնագրով ինձ այստեղ ապրելու և մարզվելու լավ պայմաններ են տրամադրել:
Ամանորյա տոներից հետո վերադարձել եմ Ֆրանսիա և սկսել մարզումները նոր մրցաշրջանի համար:
Փետրվարի 9-20-ը օվիկիանոսի ափին ուսումնամարզական հավաքի էինք մասնակցում: Նոր մրցաշրջանը սկսվել է փետրվարի 26-ից և յուրաքանչյուր շաբաթ-կիրակի ես մասնակցում եմ մրցումներին:
Այս մրցաշրջանին ինձ 70 տարբեր մեկնարկ է սպասվում: Իմ անձնական գրաֆիկը մոտ օրերս պատրաստ կլինի և ըստ դրա կսկսեմ աշխատել: Իսկ այժմ բոլորս մարզվում ենք հավաքականի ընդհանուր ծրագրով:
Խոշոր մրցումներից կառանձնացնեմ Ֆրանսիայի գավաթը և հոկտեմբերին Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգամ Հայաստանի դրոշի ներքո:
Ֆրանսիայի գավաթի ժամանակ կաշխատեմ միավորներ վաստակել ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ իմ երկրի համար»,- ասաց Մհեր Մկրտչյանը: