ՀՀ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ հնչեցրեց, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերին և, մասնավորապես, ներդրողների բողոքներին. «Հանձնարարում եմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին՝ հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ՀԷՑ-ին ու «Վիոլա ջուր» ընկերություններին՝ նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ու համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ՝ կառուցապատողների, ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին»,-ասաց վարչապետը:

 

Նրա հաջորդ հանձնարարականը վերաբերում էր համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակին և արդյունավետությանը: «Բազմիցս արձանագրել ենք ՏԻՄ համակարգի կարևորությունը, և այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այդ հարցերի լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը, պետք է առաջարկել էապես նոր մոտեցումներ»,- նշեց վարչապետը:

 

Վարչապետը հանձնարարեց նախարար Դավիթ Լոքյանին՝ երկու ամսում կազմակերպել նաև մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ՝ համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայությամբ, քանի որ այդ մեթոդաբանական նյութերը հետագայում պետք է տրամադրվեն համայնքներին:

 

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ իրականացվող աշխատանքները պետք է վերահսկվեն նախարարության և մարզպետարանի միջոցով: