Դեպի Արմավիրի մարզ քարոզարշավի ընթացքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եղավ նաև մարզի Մյասնիկյան գյուղում. «Գյուղացու ուզածն ի՞նչ է՝ իր ստեղծած բարիքից եկամուտ ստանալ։ Մենք դա գիտենք, այդ իսկ պատճառով էլ առաջարկել ենք մեր ծրագրային 15 կետերը, որպեսզի ձեր ունեցած խնդիրներին լուծում տանք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը, ինչն ուղեկցվեց բնակիչների ծափահարություններով։

Ծառուկյանի խոսքով՝ ինքը լավ գիտի՝ մարդիկ գազ չունեն, ամիսներով միս չեն օգտագործում, բայց ինքն այդ խնդիրների լուծումը գիտի։
Իր ելույթում Ծառուկյանն ասաց նաև, որ իրեն հաճախ են ասում՝ այս անգամ մինչև վերջ կգնաս. «Ձեր ցավը տանեմ, ե՞րբ մինչև վերջ չեմ գնացել։ 2015-ին չէի կարող իմ ժողովրդին արյունահեղության տանել, դրա համար՝ եկել եմ ասելու. ում ուզում եք՝ ընտրեք, բայց վստահության քվե տալուց առաջ՝ լա՛վ մտածեք»։

Առհասարակ, Գագիկ Ծառուկյանի քարոզարշավների ժամանակ, կարծես մի առանձնահատուկ միջոցառում լինի նամակների հավաքագրումը: Այս գյուղում նույնպես բազմաթիվ էին նամակներ հանձնողները. մարդիկ իրենց առանձին խնդիրներն են բարձրացնում և աջակցություն խնդրում։

Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանն էլ բոլոր բարձրացված հարցերը լսեց, բազմաթիվ նամակներ անձամբ վերցրեց, բայց շեշտեց. «Հարգելի՛ ժողովուրդ, օրենքով արգելված է։ Ընտրություններից հետո նորից կվերադառնամ և բոլորիդ խնդիրներին կանդրադառնամ»։