Մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն է գործել ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դուստրը՝ Վարդուհի Սարոյանը:
«Վարդուհին այն կինը չէր, որ դիմեր ինքնասպանության: Բավականին բարձր մակարդակի, կիրթ և ադեկվատ անձնավորություն էր նա: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ ես կարող եմ փաստել միայն, որ Վարդուհի Սարոյանը պայքարող և ստեղծող տեսակ էր, ուներ բարձր մարդկային արժեքներ: Պարզապես, երբ հասկացավ, որ իրեն խաբել են, որոշեց ինքնասպան լինել»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Վարդուհի Սարոյանին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին ծանոթացրել է Վարդուհու քրոջ ամուսինն, ով եղել է Տիգրանի ընկերը. «Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն Վարդուհին չի ճանաչել, նրանց ծանոթացրել է Վարդուհու քրոջ ամուսինն, ով եղել է Տիգրան Տեր-Պետրոսյանի ընկերը: Երկու ընկերներով որոշել են Վարդուհուն համոզել, նրա ունեցվածքը գրավ դնել, գումար վերցնել և բիզնես սկսել՝ բնականաբար, խոստում տալով որոշակի տոկոսներ և բաժին հատկացնել նաև Վարդուհուն»:
Հասմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ գործի հետագա քննությամբ, սակայն, պարզվել է, որ Վարդուհու տված լիազորագրով՝ գրավադրվել է նրա ունեցվածքը. «Ինքնասպան եղած կնոջ ունեցվածքը գրավադրել են Տիգրան Տեր-Պետրոսյանին պատկանող ՍՊԸ-ի անունով: Պարզվել է, սակայն, որ այս ՍՊԸ-ի անունից բանկում արդեն եղել են գրավադրված գույքեր: Հարկային պարտավորությունների չկատարման համար պետք է ևս մեկ գույք գրավադրվեր, կամ ՍՊԸ-ն կզրկվեր գրավադրված 5 անուն գույքից: Ուստի, խաբելով Վարդուհուն, բիզնես սկսելու խոստումով, Տիգրան Տեր-Պետրոսյանի հորդորով համոզել են Վարդուհի Սարոյանին՝ տալ լիազորագիր՝ գույքը գրավադրելու համար»:
Փաստաբանի խոսքով՝ կենդանության օրոք Վարդուհի Սարոյանը մի քանի անգամ փորձել է հեռախոսային կապի դուրս գալ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ, սակայն հեռախոսազանգերին մշտապես պատասխանել է Տիգրանի կինը՝ Մառլենա Տեր-Պետրոսյանը՝ անընդհատ շեշտելով, որ այդ հարցրերը Տիգրանը կլուծի այսօր, վաղը և այդպես շարունակ:
Արդյո՞ք նախաքննական մարմինն օբյեկտիվ է գործի քննության ընթացքում, հարցին՝ փաստաբանը պատասխանեց. «Այն, որ Տիգրան Տեր-Պետրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին է, դեռ որևէ ազդեցություն չի ունեցել գործի արդար քննության վրա: Ըստ իս, այո՛, օբյեկտիվ է ընթանում գործի քննությունը: Բայց պետք է հավելեմ նաև, որ ամեն ինչ վերջում կերևա. եթե այդ արյունը մնա գետնի վրա, կփաստենք, որ օբյեկտիվ քննություն չտարվեց, իսկ եթե մեղավորները պատժվեն, կարձանագրենք, որ տարվեց արդար քննություն»:
Նշենք, որ Տիգրան Տեր-Պետրոսյանի ընկերը Տ. Տեր-Մարգարյանն է, ով ինքնասպանություն գործած Վարդուհի Սարոյանի քրոջ ամուսինն է՝ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, իսկ Տիգրան Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ: