Բաթումում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղերբրիշվիլին:
Քաղաքում կարգուկանոնը հաստատվել է միայն այսօր առավոտյան: Քաղաքում անցկացվել են անկարգությունների մասնակիցների ձերբակալություններ:
Բաթումի քաղաքապետարանը կատարում է քաղաքի ենթակառուցվածքներին հասցված վնասի հաշվարկ:
«Հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ: Անկարգությունների բոլոր սադրիչներն ու կազմակերպիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել է Մղեբրիշվիլին Բաթումում լրագրողներին, որտեղ ուղևորվել է անցած գիշեր:
Նա կոչ է արել քաղաքի բնակիչներին «մնալ տներում»:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն հայտնել է լրագրողներին, որ գիշերվա ընթացքում Բաթումի կլինիկաներ է դիմել 33 տուժած, այդ թվում՝ 15 ոստիկան:
Շաբաթ օրը Բաթումում ոստիկանության աշխատակիցը տուգանել էր վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանը հայհոյել էր վարորդին: Մոտակայքում գտնվող տեղացիներն աջակցել էին վարորդին' վիճելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
Ոստիկանությանն ընդդիմանալու համար ձերբակալվել էր 6 մարդ: Դրանից որոշ ժամանակ անց Աջարիայի ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ 1000 մարդ' պահանջելով պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բաթիաշվիլիի հրաժարականը: