ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 13-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության 2016 թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունն ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները:
Բուժծառայության գնդապետն առանձնահատուկ շեշտել է ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ռազմական բժիշկների կատարած ճիշտ և ներդաշնակ գործողությունները, որոնց շնորհիվ կանխվել են մահացության բազմաթիվ հնարավոր դեպքեր, նվազագույնի է հասցվել վիրավորների շրջանում հաշմանդամության ցուցանիշը:
«Մարտական գործողությունների օրերին ռազմական բժիշկները պահպանել են «ոսկյա մեկ ժամի» սկզբունքը: Այսինքն՝ վիրավորը մեկ ժամվա ընթացքում հասել է որակավորված բուժօգնության փուլ: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները: Քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ԶՈՒ բժիշկները գերազանցել են այն բոլոր ցուցանիշները, որոնք հայտնի են ռազմական բուժծառայությանը»,- ընդգծել է Կամավոր Խաչատրյանը: Նա նաև նշել է, որ այս պահին զինված ուժերում համաճարակային իրավիճակը կայուն է և հիվանդացությունների մտահոգիչ ցուցանիշներ չկան:
Հավաք-խորհրդակցության ընթացքում ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները զեկույցներ են ներկայացրել զորամասերում ինֆեկցիոն հիվանդությունների վիճակագրական տվյալների, բանակային զորամիավորումներում առկա համաճարակային իրավիճակի, զինանձնակազմի շրջանում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված հիվանդացության ու հոսպիտալացման հիմնական ցուցանիշների, բուժական և նյութատեխնիկական մատակարարման վիճակի, ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ, հանդես եկել առաջարկություններով:
Ամփոփելով հանդիպման արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները՝ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը փաստել է, որ ընթացիկ տարում ևս ռազմաբժշկական ծառայությունն իր ողջ ներուժն ուղղելու է մասնագիտական կարողությունների կատարելագործմանը՝ առաջնորդվելով՝ «Առողջությունը՝ նախապայման, կյանքը՝ բացարձակ արժեք, հիվանդությունների կանխարգելումը՝ գերակա խնդիր» կարգախոսով: