Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինն այսօր «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մասնաճյուղից ստացել է լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ հոսպիտալացված 4 երեխայի փսխման մասսայից, շրջակա միջավայրից վերցված 20 լվացուկներից 2-ում՝ ճաշի ափսե, աթոռի թիկնակ, անջատվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ», որը կարող էր հավանական պատճառ հանդիսանալ:
Վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ գյուղի դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է։
Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մատինյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը հակված է այն մտքին, որ երեխաներն արևահարվել են. «Բրնձով ճաշ էր, դժվար թունավորվեին, բայց՝ ով գիտե...: Քանի որ դասամիջոցին 15 րոպե խաղ են արել դրսում, կասկածում ենք, որ կարող է՝ արևահարվել են, կարող է՝ կերակուրը թթվել է երեխաների վրա՝ դրսի խաղից կամ ջրի հետևանքով: Հիմա փակել եմ խոհանոցը, սննդի պահեստը, սանէպիդկայանը ուսումնասիրում է, ինձ մինչև երկուշաբթի կասեն պատճառը, և մենք կվերացնենք խնդիրները»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նախնական քննության տվյալներով՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչից հետո մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նշենք՝ դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: