Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Նաև տեղեկացրել ենք, որ միջադեպի հետևանքով Էրեբունի ԲԿ է տեղափոխվել երեք անձ՝ Մելքոնյան Արայիկը, Մելքոնյան Մելիքը և Մելքոնյան Հակոբը, ովքեր հարազատներ են:
Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ վիճաբանությանը ներգրավված են Երանոսյան եղբայրները: Ջրառատը նրանց հայրենի գյուղն է: Անգամ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ այսօրվա միջադեպին մասնակից է եղել Ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը:
ԼՈւՐԵՐ.com-ին միջադեպի վերաբերյալ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Եվ այսպես, մեր տեղեկություններով՝ Երանոսյանների և ՕՐՕ դաշինքի համակիրների միջև լարվածությունն առաջացել է դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ գյուղապետի աթոռի համար Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի հետ միասին պայքարում էր այսօրվա միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը:
2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների քվեորկության արդյունքների համաձայն՝ Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647: Հենց այդ ժամանակ էլ Ջրառատ գյուղը բաժանվել է երկու մասի՝ Երանոսյան եղբայրների կողմնակիցների և Մելիքյանների միջև: Այդ ընտրություններից հետո կարծես հարաբերական հանգստություն էր տիրում գյուղում: Եվ ահա խորհրդարանական ընտրությունները խախտեց ու խաթարեց այդ հանգստությունը և լարեց կրքերը:
Միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը այս ընտրություններին ընդառաջ որոշում է սատարել Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքին, ինչն էլ նոր թափ է տալիս նրանց միջև եղած լարվածությանը և հանգեցնում նման ողբերգական հետևանքների: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գրանցված միջադեպի վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ բերման է ենթարկվել կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 1982 թվականին ծնված Տ. Սարգսյանը՝ Արագածոտնի մարզի Ջրառատ գյուղից։