Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի առանցքը Արցախի խնդրի առնչությամբ հստակ ասելիքով է աչքի ընկնում: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հայաստանի նախագահը խոսել է մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Հաստատումը, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իհարկե, հնչեց, բայց Սերժ Սարգսյանը նաև ակնարկել է՝ «անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են ծայրահեղ արդիական մնալ»:


Անշուշտ, կասկած չկա, որ նախագահների հանդիպմանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դառնալու էր քննարկման առարկա: Այդուհանդերձ, այն, որ Պուտինն այդ հանգամանքը ընդգծում է հրապարակային խոսքում, հատկանշական է: Նրա հայտարարությունը փաստացի՝ նախընտրական աջակցություն է Սերժ Սարգսյանին: ՌԴ նախագահը հույս է հայտնում, որ Հայաստանը, նրա գլխավորությամբ՝ կանցնի կառավարման մոդելի փոփոխության փուլը, ինչը Սարգսյանի համար Մոսկվա այցի գլխավոր նպատակներից մեկն էր:

 

ՀՀ նախագահի՝ Մոսկվա այցի նախօրեին ռուսական հեռուստաալիքը կիրակնօրյա վերլուծական թողարկմանը մի ամբողջ ռեպորտաժ էր նվիրել Հայաստանին, ընդ որում՝ աննախադեպ շեշտադրումներով: Եթե ռուսական քարոզչությունը սովորաբար Հայաստանը ներկայացնում է մի սուբյեկտ, որը կորած է առանց Ռուսաստանի, ապա այս դեպքում Հայաստանը ներկայացվում էր գիտության եւ տեխնոլոգիայի կենտրոն, որն ունի ինտելեկտուալ, մարդկային ահռելի ռեսուրս, որի շնորհիվ կարող է հոգալ իր զարգացումը «լեռների մեջ փակվածության» պայմաններում: Ինչո՞վ էր պայմանավորված ընդունելության այդ բարձր նոտան՝ մի կողմից՝ բարդ է ասել, մյուս կողմից էլ՝ թերեւս պարզ է՝ նկատի ունենալով 2016 թվականի ապրիլն ու ադրբեջանական արկերից եւ ռումբերից Հայաստանում պայթած ռուսական միֆերը:

 

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը գործնականում Հայաստանի վրա իր ազդեցությունը երբեք էլ չի կառուցել՝ հենվելով Հայաստանի իշխանության վրա: Այդ ազդեցությունը հիմնված է եղել հանրային գիտակցության վրա, որն էլ տարիներ շարունակ ձեւավորվել է ՌԴ մասին կարծրատիպերի հետեւողական ներդրմամբ:


Առանց հանրային այդ լեգիտիմության, Ռուսաստանն անկարող է լիակատար տնտեսա-քաղաքական ազդեցություն հաստատել Հայաստանի իշխանության եւ պետականության վրա: Եվ այդ իմաստով է նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունն իսկապես հասել է «անկեղծության պահին», որի մասին ակնարկել է Սարգսյանը՝ Պուտինի նախընտրական աջակցությունը ստանալով:


Հարցը հենց այդ է, թե Սարգսյանը նոր իրավիճակն ինչին է ավելի շուտ ծառայեցնելու՝ սեփական իշխանության ծրագրերին կամ շահերի՞ն, թե՞ Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը: Կարևոր փաստ է, թե որն է լինելու առաջնայինը, որն է մոտիվացիոն հիմքը. իշխանակա՞ն, թե՞ պետական շահը: Դրանով է պայմանավորված, թե արդյո՞ք Հայաստանը կպահի հետապրիլյան թափը հայ-ռուսական հարաբերություններում եւ կկարողանա՞ շրջել դրանք, վերածելով իրապես գործընկերայինի:

 

ՀՀ նախագահի կողմից Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու մասին առաջարկ հնչեց՝ ինչը ոչ պակաս ուշագրավ իրադարձություն է։ Այս առաջարկն ունի նաև քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Սարգսյանը նաև Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն՝ էլ ավելի ընդլայնված է, ինչը ևս գուցե հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ