Ինչպես հայտնի է, 2017թ-ի ընտրությունները ագրեսիվության չափազանց մեծ չափաբաժնով են աչքի ընկնում: Ասվածը հատկապես բնորոշ է Հայաստանի մարզերից որոշներին, մանավանդ Արարատի մարզին, ուր ընթացող նախընտրական գործընթացներն իսկական բատալներ են հիշեցնում: Այստեղ իշխանական թևը ներկայացնող ռեյտինգային մի շարք թեկնածուներ բառացիորեն միմյանց կոկորդ են պատռում՝ արժանանալու համար ԱԺ-ում հայտնվելու պատվին: Նրանք, ովքեր հետևում են մամուլին, նկատած կլինեն, որ չի լինում գրեթե շաբաթ, որի ընթացքում այս մարզում որևիցե միջադեպ տեղի չունենա. և՛ Մուրադ Մուրադյանը, և՛ Արայիկ Գրիգորյանը, և՛ Ալիկ Սարգսյանն, ովքեր իշխող կուսակցությունը ներկայացնող ամենաազդեցիկ ռեյտինգային դեմքերն են, պարբերաբար հայտնվում են սկանդալների ու միջադեպերի կիզակետում ու ստեղծում այնպիսի տպավորություն, թե ոմանց համար այլևս աշխարհի վերջն է ու ապրիլի 3-ին արեգակը չի ծագելու:
Ու մինչ ոմանք միմյանց «կոկորդ են կրծում»՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, մյուսները նախընտրում են պայքարի առավել քաղաքակիրթ միջոցներով ընտրապայքար ծավալել: Այս իմաստով, պետք է նկատել, բավական հետաքրքիր ընտրապայքար է վարում հատկապես Արգամ Աբրահամյանն, ով, ինչպես հայտնի է, ներկայացնում է «Ծառուկյան» դաշինքն այս մարզում: Ի տարբերություն շատերի՝ Աբրահամյանն իր քարոզարշավը կառուցում է առավելապես պոզիտիվի հիման վրա ու ընտրողին սին խոստումներ շռայելու կամ անթույլատրելի մեթոդներ կիրառելու փոխարեն, իր ընտրողին է ներկայանում արված գործերով ու իրատեսական ծրագրերով:
Այն, որ երկրում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկն էլ քաղաքական սերնդափոխություն իրականացնելն է, վաղուց հայտնի իրողություն է: Ինչպես կյանքն է ցույց տալիս, հին սերունդը ներկայացնողներից շատերը վաղուց սպառել են իրենց ու առավել քաղաքակիրթ պայքարի մեթոդները նրանց օտար են ու անսովոր: Հետևաբար՝ անքննարկելի է այն, որ եթե մեզ հաջողվի քաղաքական սերնդափոխության պրոցեսը,որն արդեն իսկ ընթացքի մեջ է, ճիշտ հունով տանել, հեռու չեն լինի այն ժամանակներն, երբ Հայաստանում որակապես այլ իրավիճակ կհաստատվի. սերնդափոխությունը, եթե կուզեք, երկրում փոփոխությունների հասնելու լավագույն ու ամենակարճ ճանապարհը պետք է համարել:
Բոլորին պետք է մեկ բան պարզ լինի՝ քաղաքականության մեջ բռնությամբ հարցեր լուծելով հեռուն չես գնա: Եթե չունես արված գործ, եթե քո ասելիքը միայն բռունցքներով են կարողանում արտահայտել, դու սպառված ես, քաղաքական առումով անմրցունակ. վաղուց հասունացել է ժամանակը՝ վերջ տալու բռնությանն ու պոպուլիզմին ու հանրությանը ներկայանալու արված գործով ու իրատեսական, կենսունակ ծրագրերով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ