«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որով ընդդիմությանն առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել:

 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իր պատրաստակամությունն է հայտնում ԱԺ ընտրություններից հետո այլ ընդդիմադիր ուժերի հետ միասնաբար ձևավորել ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներգրավումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով դաշինքի հայտարարությանն ու նոր նախաձեռնությանը տեղեկացրեց՝ խոսքը նոր իշխանության մասին է. «Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք, որևէ կերպ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ իշխանություն չձևավորել, քանի որ ակնհայտ է՝ Հանրապետականը չի կարող մեծամասնություն ունենալ, ուստի որևէ մեկը չփորձի համագործակցել նրա հետ, փոխարենը՝ իշխանություն ձևավորել այն ընդդիմադիր ուժի հետ, ով կլինի խորհրդարանում»:

 

Հարցին՝ արդյոք արձագանքներ եղել են նախաձեռնությանը միանալու, Մարտիրոսյանն ասաց՝ այս պահի դրությամբ արձագանքներից տեղյակ չէ: 

 

Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը փոխանցել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում և շաբաթ օրը կվերադառնա Հայաստան: Անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստան վերադառնալուն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս քանի օրը նա կմիանա քարոզարշավին և կտեսնենք նրան:

 

Արմեն Մարտիրոսյանը՝ Զարուհի Փոստանջյանի օրեր առաջ ձևավորված «Երկիր ծիրանի» կուսակցության վերաբերյալ մեկնաբանություն անելուց ձեռնպահ մնաց՝ ասելով. «Մեկնաբանություն անելու որևէ ցանկություն չունեմ»:

 

Սոնա Հարությունյան