«Արդեն տասնվեց օր է՝ մարզերում ենք, և իմ տպավորություններն այնպիսին են, որ ժողովուրդն ահաբեկված է, ոստիկանները շրջափակում են հրապարակները: Հավաքված քաղաքացիների մեջ էլ թշվառությունն է նկատելի: Գյուղերում վիճակը սարսափելի է, քանի որ մարդիկ մինչ օրս ջուրը հարյուր դրամով են գնում: Գյուղացիներն ունեն հացի խնդիր, դրա համար էլ շատ հաճախ մարդիկ մոտենում են և չորս հարյուր դրամ հացի փող են խնդրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք ՀԱԿ-ի առաջարկած կրթական բարեփոխումների շրջանակում հնարավո՞ր է նաև պատմության դասագրքերի վերաշարադրում, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Իհա՛րկե, դա նույնպես անելու ենք, պետք է վերաշարադրել պատությունը, որը խեղաթյուրված է ներկայացված»:

խոսելով քարոզարշավի ընթացքում իրենց գաղափարների տարածման մասին՝ վերջինս նշեց, որ իրենց այցերը մարզեր՝ փաստել են մի բան՝ հնդկական սերիալները բթացրել են քաղաքացուն և դա պատահական չէ: «Սա նույնպես քաղտեխնոլոգիա է՝ քաղաքացիներին բթացնելու և իրականությունից կտրելու համար: Այնպես որ, հնդկական սերիալները դեռ առջևում են և հաղթում են անգամ լրագրողներին»:

Խոսելով նախընտրական շրջանում իրենց դաշինքի առաջարկած խաղաղության ծրագրի հանրային ընկալման մասին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք գտել են այն շերտերը, որտեղ մեր առաջարկած կոնցեպցիայի կողմնակիցն են: «Նրանք հիմնականում գյուղերի ավելի բարձր տարիքի բնակիչներն են: Չեմ ասում, որ մեր կռված տղերքը խաղաղության կողմնակիցն են, բայց մեր թիմակիցների թիվն այս շրջանում ավելացել է: Մեզ և մեր առաջարկած ծրագիրը քիչ են ընկալում երիտասարդները»: 

Խոսելով արցախյան հարցի լուծման հարցում ՀԱԿ առաջարկած ծրագրի մասին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ եռանախագահների դիրքորոշումներն իրենց մոտեցումների հետ համահունչ են: Մեր առաջարկին համաձայն է նաև Ադրբեջանը, հակառակ պարագայում՝ չէր բանակցի: Ուստի, եթե Հայաստանը լինի նախաձեռնողը, Ադրբեջանը կմնա միայնակ, և ոչ մի ալիև չի դիմանա այն ճնշումներին, որոնք կարող են  կիրառվել գերտերությունների կողմից: Ռուսաստանի համար խնդիրները թեթևացան՝ հաշվի առնելով Սիրիան և Ղրիմը, ուստի նա շահագրգռված է Արցախի հարցը լուծելու: Իշխանություններին խանգարում է «ոչմիթիզականների» ճնշումը, բայց իշխանությունը շատ ավելի լավ է տիրապետում այն խնդիրներին, որոնք կարող են լինել և դա կարող է իշխանություն նստել իրենց վրա և լուրջ հարվածներ են ստանալու հենց ներսում: Ուստի, եթե բարդույթները չեն կարողանում հաղթահարել առանց ճնշման, կարող են հրաժարական տալ, ինչպես արեց Լևոն Տեր-Պետրոսյանը»: