Ռուսաստանցի հայտնի գործածարար  Սամվել Կարապետյանն ու ռուս մի շարք գործարարներ ժամանել են Հայաստան՝ մեր երկրին ներդրումային աջակցություն ցուցաբերելու համար: Թե ներդրվող գումարները ո՞ր ոլորտներում կբաշվեն և ինչպիսի՞ ընթացք կունենա ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի գործունեությունը՝ մեր երկիր ժամանած գործարարները կորոշեն այսօր:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ նմանատիպ ներդրումների մասին դեռևս 2007 թվականից սկսված խոսվում է, սակայն ժողովուրդը դեռ չի տեսել դրանց արդյունավետությունը, հետևաբար, միայն հայտարարությունները քիչ են. «Ներդրումային ծրագրեր իրականացնելու համար Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանի այցը դիտարկում եմ որպես նախընտրական քարոզչության ներկայացման մի էլեմենտ, մի ձև:  Ես չեմ կարող ասել, որ Սամվել Կարապետյանին փորձում են ներքաշել այս նախընտրական քարոզարշավի մեջ. կարծում եմ, որ նա  կայացած մարդ է, կայացած գործարար և նման բան թույլ չի տա: Սակայն վստահ եմ, որ իշխանությունը պարզապես ցանկանում է  իր ընտրողին ներկայացնել, որ այս կայացած մեծահարուստները գալիս և ներդրումներ են անում ՀՀ-ում՝ հանուն իրենց: Սա ընտրությունների նախաշեմին Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Մեզ՝ ընտրողներիս, այսպիսի պատկեր են ներկայացնում, որն անընդունելի եմ համարում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարներն իրենք պետք է գիտակցեն իրենց ներդրման տեղն ու ոլորտը, դա նրանց չպետք է ասվի:

 

Ըստ տնտեսագետի՝ ՀՀ-ում իրական ներդրումային ծրագրեր իրականացնելը պետք է պայմանավորված լինի ոչ թե անձերով, այլ՝ երկրի գրավչությամբ. «Ներդրումներ բերելու համար պետությունն ինքը պետք է ներկայանա, ոչ թե ինչ-որ անձեր, պետությունը պետք է գրավիչ լինի, պետական ինստիտուտներն ու արդարադատությունը պետք է նպաստավոր և խոստումնալից լինեն, ոչ թե հատուկենտ անձեր. չէ՞ որ այդ անձերն այսօր կան, վաղը՝ չեն լինի»:


Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ եթե Հայաստան գալիս են ներդրումներ անելու ոմանց միջոցով ու շնորհիվ, ինչպիսին, օրինակ, ընկալվում է վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա այդ ներդրումը չի կարող տնտեսությանը զարգացման տանել, քանի որ հետագա զարգացումներում առաջանալու են տարատեսակ հարաբերություններ և խաղի կանոններ, որոնք այդ անձերին կթելադրվեն դրսից:

 

Աղավնի Սուքիասյան