Երեկ «Կենտրոն» հեուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդգծելով հարցազրույցի հիմնական մեսիջները, պետք է փաստենք, որ հարցազրույցը նախընտրական քարոզարշավի ենթատեքստ ուներ:

Առանցքում կրկին արցախյան կարգավորման տերպետրոսյանական տեսլականն էր:

Ում է թիրախավորում Առաջին նախագահը: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս հարցի շուտափույթ լուծում, հոգնել են պատերազմից, խաղաղություն են ցանկանում: Այս ռազմավարությունը միգուցե կարող է աշխատել՝ խորհրդարան մտնելու համար: Հետաքրքիր է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին և ներկա դիրքորոշումները: «Ներկայում նա չի քննադատում իշխանությանը: Ինչո՞ւ: Որովհետև այն ժամանակ այլ խնդիր էր լուծում, այն է' իշխանափոխություն, Իսկ այժմ այդ խնդիրը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր առջև չի դնում: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ եթե ՀՀ-ն վճռականորեն հայտարարի՝ պատրաստ է հենց այսօր ստորագրել փաստաթուղթը, ապա Ադրբեջանը չի կարող մերժել, հակառակ դեպքում՝ իր վրա կուղղվի միջազգային ամբողջ ճնշումը:

Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, երբ Ադրբեջանը նավթի արտահանման միլիարդավոր դոլարների համաձայնագրեր է ստորագրել, երբ Ադրբեջանում տեղի են ունեցել համաեվրոպական առաջին խաղեր, և ինչ պատժամիջոցների է ենթարկվել, երբ Սաֆարովին հերոսացրել է: Հաշվի առնելով, որ հարցազրույցը նախընտրական էր, առաջնային ակցենտն այս փուլում, բնականաբար, դառնում է քաղաքական անթաքույց համակրանքը, որը Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտում էր գործող նախագահի և իշխանության նկատմամբ:

Ըստ առաջին նախագահի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է պատասխանեին ընդամենը մեկ, իր կարծիքով՝ ամենակարևոր հարցին. համաձա՞յն են ԼՂՀ խնդրի կարգավորման միջազգային միջնորդների կողմից առաջարկված տարբերակին, որի շուրջ այսօր բանակցում են ՀՀ իշխանությունները:

Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինի եթերում արված շեշտադրումների, այս անգամ առաջին նախագահի քննադատության վեկտորը կարծես թե փոխել էր իր ուղղությունը: Մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանը կարծում է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անազնիվ են իրենց ընտրողների նկատմամբ։

ներկայացնելով ՕՐՕ դաշինքի նախընտրական ծրագրում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ դրույթը, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը, հանդիսանալով «Մադրիդյան սկզբունքների հայրը», Դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ:

Ինչի՞ մասին են վկայում Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունները. Կոնգրեսը վերադարձել է Առաջին նախագահի՝ հայտնի՝ «Պատերազմ, թե խաղաղություն. ողջամտույթան պահը» պատմական հոդվածի հանրայնացմանը։ Այդ ուժի առաջնորդները ղարաբաղյան կարգավորման սեփական դիրքորոշման առնչությամբ հանրությանն ընդամենը հորդորում են հավատալ Տեր-Պետրոսյանին, հավատալ շախմատի ուժին, հավատալ ու վստահել: Իսկ հանրության լռությունն ընկալում են իբրև համաձայնության նշան: Մինչդեռ հանրությունն ընդամենը դադարում է լսել Կոնգրեսին….

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ շարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար դժվար թե դրական լինեն:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ