ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ:
«Դա հիշեցնում է 2003 թվականի իրադրությունը, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Իրաք՝ առանց (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի համաձայնության»,- ասել է Լավրովն ապրիլի 7-ին Հաշքենդում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նախարարն այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ը, Սիրիային հարված հասցնելով, ուշադրությունը շեղում է «ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից: «Վերստին ստիպված այն մտքին ենք վերադառնում, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը հարմարվում է եւ փոխում անունները, ինչ-որ կերպ կարող է մեր արեւմտյան գործընկերների համար դիտվել որպես կազմակերպություն, որն անհրաժեշտ է պահպանել, չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված է ահաբեկչական»,- ասել է Լավրովը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտելու է հասնել ԱՄՆ-ի հրթիռահարվածի պատճառների պարզաբանման:
Բացի դրանից, Լավրովը հայտարարել է, որ սիրիացի զինվորականների վրա ԱՄՆ-ի գրոհը վնաս է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: