Երևանի քաղաքապետարանի դիմաց ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու:

-Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ եք կարծում՝ Դուք  կհայտնվե՞ք Երևանի քաղաքապետարանում:

-Այո՛, իհա՛րկե, մենք գնում ենք հաղթելու:

-Ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը Տարոն Մարգարյանի  հետ՝ հաշվի առնելով Ձեր կողմից հաճախակի հնչեցվող վարչական ռեսուրսի կիրառման տենդենցը:

-Կպայքարե՛նք, կտեսնե՛ք: Եկեք այս պահին փակագծերը չբացենք: 

-Պարո՛ն Փաշինյան, կարծում եք՝ կկարողանա՞ք կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը:

-Շատ քաղաքացիներ գնում են ընտրակաշառքի՝ ներքին վստահություն ունենալով, որ իրենց քվեից ոչինչ կախված չէ: Մարդիկ մտածում են, որ միևնույնն է՝ իրենց քվեն տեղ չի հասնելու, գոնե գումար կաշխատեն: Մենք այս ընտրություններում ապացուցեցինք, որ մեզ տրված յուրաքանչյուր քվե պահել ենք: Երևանի քաղաքապետի ընտրություններում ամեն մի քվե պահելու ենք: Այս ուղերձը պետք է հասկանա քաղաքացին:

-Արդյո՞ք Ձեր դաշինքի  հետ համագործակցելու առաջարկ է արվել Զարուհի Փոստանջյանին

-Զարուհի Փոստանջյանին մեր կողմից եղել է երեք առաջարկ: Մենք նրան առաջարկել ենք գլխավորել ԵԼՔ դաշինքը, կամ ԵԼՔ-«Երկիր Ծիրանի» դաշինքը, ինչը նա մերժել է, առաջարկել ենք նաև ԵԼՔ-«Երկիր Ծիրանի» համագործակցությունն իմ գլխավորությամբ, ինչն ինքը նույնպես մերժել է:

-Եթե մեծամասնություն չունենաք՝ ավագանու անդամի՞, թե՞ պատգամավորի մանդատն եք վերցնելու:

-Ես նման սցենար չեմ մշակել, սպասենք ընտրության արդյունքներին: 

-Առաջիկայում և՞ս Ձեզ կտեսնենք տանիքներին:

-Առաջիկայում ինձ կտեսնեք Երևանում: 

Աղավնի Սուքիասյան