Երեկ երեկոյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա հավելեց, որ դատապարտյալ Արսեն Գրիգորյանն օրեր առաջ էր տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն. «Նա բժշկական կենտրոնում հետազոտվել էր և ըստ այդմ՝ դեղորայքային բուժում էր նշանակվել»:
Ղլեչյանը նշեց նաև, որ ճիշտ չեն այն խոսակցությունները, թե քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար դատապարտյալից պահանջվել է 400 հազար դրամ:
«Դատապարտյալը հանկարծամահ է եղել, իսկ թե ինչն է եղել պատճառը՝ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: Եթե դիմեր այդ խնդրով, որպեսզի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ապա կտեղափոխվեր, ինչպես մյուս դատապարտյալները»,-եզրափակեց հանրային կապերի բաժնի պետը:
Սոնա Հարությունյան