Այսօր Մարտի մեկն է : Ուղիղ 5 տարի առաջ՝ 2008 թվականի այս օրը ոստիկանությունը ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Բախման հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: Հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներ, սակայն իրական հանցագործները անպատիժ մնացին: Անցած 5 տարիների ընթացքում իշխանությունը չկարողացավ տալ հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են մեղավոր 2008 թվականի ոճրի պատասխանատուները, ո՞վ հրամայեց կրակ արձակել:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով մարտյան ողբերգական դեպքերին, նշեց. «Ողբերգություն եզրույթը կարծում եմ նվազագույնն է, որ կարելի է տվյալ դեպքում օգտագործել, բա խաղաղ պայմաններում մեր երկրի նման երկրում հայ մարդու, կամ ցանկացած մարդու արյու՞ն թափվի: Ես կցանկանայի, որպեսզի երբեւէ նման բան չկրկնվի»:
Մեր այն հարցին, թե ովքե՞ր են կրում պատասխանատվություն Մարտի մեկի համար, ԲՀԿ խոսնակը տվեց հետեւյալ պատասխանը. «Պատասխանատվություն կրում են բոլոր նրանք, ովքեր կարող են առնչություն ունենան տվյալ իրավիճակի հետ»:
Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, որպեսզի նման դեպքերը բացառվեն, անհրաժեշտ է կայունություն, խաղաղություն եւ որ ամենակարեւորն է՝ արժանավայել, ապահով կյանք հայաստանցիների համար: Պատասխանելով այն հարցին, թե հետընտրական զարգացումներ կարո՞ղ են հանգեցնել հերթական «մարտի մեկին», Ուրիխանյանը նշեց. «Մեր քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ խոսվում է նաեւ մտահոգությունների մասին, որոնց առնչությամբ մենք կոչ ու հորդորներ ենք անում»:
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի