Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Դավթաշեն վարչական տարածքում երկու տասնյակից ավելի ծառեր հատած Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նրա հավաստմամբ՝ Ալեքսան Սամսոնյանի կողմից իրականացվել է ոչ թե ծառերի հատում, այլ՝ խորը էտում. «Հանցանք առաջանում է, երբ դադարում է ծառերի բնական աճը: Ես հավաստիացնում եմ՝ պաշտպանյալիս էտած բոլոր ծառերը երկու ամսից աճելու են: Այդ տարածքի բոլոր ծառերն իմ պաշտպանյալն է տնկել քսան տարի առաջ, և ինքն էլ խնամել է, նաև ասֆալտապատումն է ինքն իրականացրել ու եզրաքարեր է տեղադրել: Արդեն մտածում եմ, որ քաղաքապետարանն արդեն դա էլ է իր հաշվեկշռին նստացրել: Այսինքն՝ մարդն իր տնկած ծառերն էտել է ու դրա համար այսօր իրեն կալանավորում են»:
Նրա խոսքով՝ դատարանը մերժել է իր առաջարկը. «Եթե բոլոր հատած ծառերը վերագրվել են մեզ, և եթե իրականում հատել է իմ պաշտպանյալը ու ենթադրենք բոլորը վնասել է, դրանց ընդհանուր պատճառված վնասը կազմել է 286 հազար դրամ: Ես՝ որպես գրավ առաջարկեցի 3 մլն դրամ, բայց դատարանը մերժեց՝ գտնելով, որ 4 անչափահաս երեխա ունեցող, նախկինում չդատված, երեք բարձրագույն կրթություն ունեցող, երկրորդ խմբի հաշմանդամ մայր ունեցող անձին ավելի լավ է կալանավորի, քան գրավով ազատ թողնի՝ մինչև քննությամբ կպարզվեր իսկությունը»:
Պաշտպան Արմեն Մելքոնյանն ընդգծեց, որ ուռճացվել են ծառերի քանակը և պատճառված վնասի չափը. «Կան ծառեր, որոնք բաժանվում են երկու մասի և դա օրենքով պետք է հաշվել մեկ ծառ, սակայն հաշվել են երկու ծառ: Երեք հատած ծառ կա, որոնց հետ իմ պաշտպանյալը կապ չունի և անզեն աչքով տեսանելի է, որ դրանք հատվել են շատ վաղուց: Իմ պաշտպանյալի խորը էտած ծառերը թարմ են: Հույս ունեմ՝ փորձագետները եզրակացություն անելիս կասեն այդ մասին: Մեկ ծառ ևս կա, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի և նա է էտել, դա ևս վերագրել են իմ պաշտպանյալին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց մեղադրում են մի բանում, որն իրենք չեն արել:
Նշենք, դեպքին արձագանքել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այն անվանելով բարբարոսություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Նշենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը' խոշոր վնաս պատճառելով:
Սոնա Հարությունյան