Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու գործով դատաքննությունը:
Դատախազ Կարեն Բիշարյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ մեղադրանքի, 2016թ.-ի հոկտեմբերի 27-ին փաստաբան Էլզա Զաքարյանը Շենգավիթի դատարանում հանդիպել է դատավոր Իշխան Բարսեղյանի հետ եւ քննարկել են քաղաքացի Նորիկ Հակոբյանի հայցը: Հակոբյանի օգտին վճիռ կայացնելու համար Բարսեղյանը պահանջել է նույն օրն իրեն փոխանցել 1000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչն էլ ժամեր անց տեղի է ունեցել:
Դատարանում Իշխան Բարսեղյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
Դատական նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա մյուս շաբաթ:
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: