Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում ավելի քան 10 տարի առաջ սկսված շինարարությունը, թվում է՝ երբեք ավարտին չի հասնի: Չարենցի 34 և 36 հասցեներում տարիներ առաջ բնակիչների տները գնեցին, քանդեցին, որպեսզի փոխարենը բարձրահարկ բնակելի շենք կառուցեն: Շենքի հիմքը գցվեց, մեծ փոս փորվեց, որն առ այսօր մնացել է այդպես անավարտ:
ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած տվյալ բակի բնակիչները բողոքեցին, որ այդ տարածքը վտանգավոր է, հնարավոր չէ այդտեղով քայլել, երեխաներին բակ չեն թողնում, քանի որ փոսն ընկնելու վտանգ կա: Որոշ ժամանակ առաջ բակի բնակիչները բողոքել են, ինչի արդյունքում տարածքում արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք սակայն, արդեն մաշվել-վերացել են: Այցելեցինք տվյալ տարածք, հասկանալու՝ խնդիրը որն է:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բակի բնակիչներից մեկը, ում տունն անմիջապես այդ մեծ փոսի հարևանությամբ է, տարածքը վտանգավոր է, հողը գնալով մաշվում է, սակայն քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Նկատեցինք, որ վերջինս փոքրիկ արգելապատնեշներ է տեղադրել իր տան մոտ, որպեսզի իր երեխան կարողանա բակ դուրս գալ:
Բնակիչները բողոքեցին, որ իրենք անտեսված են, քաղաքի կենտրոնը համարվող Չարենցի փողոցն անտերության է մատնված: Բազմահարկ շենքի կառուցման համար փորված այդ մեծ փոսը գնալով վերածվում է աղբանոցի, և ինչպես նշեցին բնակիչները, անավարտ շինարարության տարածքում ամեն օր նկատվում են թափառակշրջիկներ։ Ի դեպ՝ կառուցապատողը շինարարությունը պատրաստվում էր իրականացնել շինարարական նորմերի կոպիտ խախտմամբ՝ բնակելի տներին շատ մոտ, ինչի հետևանքով հարակից տների պատերի վրա բազմաթիվ ճաքեր են հայտնվել:
Բացի այդ, շենքը նախնական պլանով պետք է լիներ 7 հարկանի, սակայն հետո տեղադրված մակետում նշված է եղել 13 հարկ: Նախատեսվող շենքի կառուցմամբ խախտվում էր հարևանությամբ գտնվող տների բնական ինսոլյացիայի նորմերը (արևի ճառագայթների ներթափանցում), ինչը հարուցել էր հարակից տների բնակիչները բարկությունը։
Շինարարությանն անմիջապես կից տան՝ Չարենցի 32 հասցեի բնակիչը տեղեկացրեց, որ շինարարության սկզբում կառուցապատող ընկերության խնդրանքով բակի բնակիչների էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղակայվել են իրենց տան պատին, և էլեկտրական հոսանքի բոլոր լարերն առ այսօր անցնում են իրենց տանիքով, ինչը խիստ վտանգավոր է և վթարի դեպքում արտակարգ իրավիճակի պատճառ կարող է դառնալ։
Տեղեկացնենք նաև, որ 12 տարի առաջ Չարենցի 34-36 հասցեներում սկսված և կիսատ թողնված շինարարության շինթույլտվության ժամկետն արդեն 7 տարուց ավելի է՝ ավարտվել է, ինչն ավելի աղոտ է դարձնում կենտրոնական այս փողոցում անավարտ շինարարության ճակատագիրը։
Ընդ որում, այն նաև հարակից շենքի հիմքի թուլացման պատճառ կարող է դառնալ, եթե արդեն չի դարձել՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով:
Վերջում բակի բնակիչները հատուկ շեշտեցին, որ առաջիկա քաղաքապետի ու ավագանու ընտրությունների հետ առանձնապես հույս չեն կապում:
Քրիստինա Աղալարյան
Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի