«Ինչպիսի՞ Թուրքիա է ցանկանում տեսնել Հայաստանը» հարցը շատերի համար կարող է տարօրինակ հնչել, քանի որ թվում է՝ սրան ընդամենը մեկ պատասխան կարող է լինել՝ բացասական երանգներով լի: Սակայն կասկած լինել չի կարող, որ ունենալով անվտանգության խնդիր՝ մեզ համար գերադասելի է նախևառաջ կանխատեսելի Թուրքիան, եթե կուզեք՝ դեմոկրատական արժեքների վրա հիմնված Թուրքիան, ինչն էապես կթուլացներ այդ երկրից եկող վտանգի սպառնալիքը:

Այդ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, սակայն, կարծես ստիպում են համակերպվել այն մտքի հետ, որ համենայնդեպս տեսանելի ապագայում այդ երկրից Հայաստանի համար բխող սպառնալիքները միայն խորանալու են. Էրդողանը ջանում է դառնալ ողջ սուննի աշխարհի առաջնորդ՝ վերածվելով միջնադարյան սուլթանի՝ կարգավիճակ, որն ինչպես հայոց պատմությունն է հուշում, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հայերիս համար:

Բավական է մի փոքր ուշադիր լինել՝ համոզվելու համար, որ Արևմուտքի արձագանքը` Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին ոչ միայն կոպիտ չէր, այլև նույնիսկ խրախուսական՝ չհաշված ձևական հայտարարույունները, որոնք արվում էին՝ ելնելով բացառապես Եվրոպայի դեմքն ինչ-որ կերպ փրկելու համար: Հարց է առաջանում՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ժողովրդավարության դրոշակակրի կերպարում իրեն շարունակաբար մատուցող Արևմուտքի լոյալությունը Էրդողանի նկատմամբ, ով, չնայած թվացյալ հակաարևմտականությանը, աշխարհի այդ մասի հետ չափազանց խիտ թելերով է կապված:

Նախ՝ անկասկած է, որ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն կապված են արևմտյան երկրների մերձավորարևելյան քաղաքականության հետ. սա աքսիոմ է: Ակնհայտ է մեկ բան՝ Թուրքիային ինչ-որ կարևոր բանի համար են նախապատրաստում, ինչ-որ առաքելության, ու ենթադրելի է, որ այդ առաքելությունը լինելու է սիրիական հարցում ու ոչ միայն արևմուտքի շահերի առաջ մղումը. Ասադին գահընկեց կանեն հենց թուրքական բանակի անմիջական միջամտությամբ՝ այդպիսով խնայելով և՛ ժամանակ, և՛ փող: Մի խոսքով՝ սցենարը հետևյալն է՝ Էրդողանը հզորացնում է իր դիրքերը Թուրքիայում, դառնում տարածաշրջանային,իսկ եթե հնարավոր լինի նաև մահմեդական աշխարհի յուրատեսակ առաջնորդ՝ փոխարենը՝ երկիրը վերածելով Արևմուտքի կատարյալ խամաճիկի՝ ձևացնելով հակաարևմտականություն: Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Թուրքիայի թիվ մեկ տարածաշրջանային մրցակցի՝ Իրանի հետ, ուր հայտարարել է, թե Իրանի վարած քաղաքականությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, իսկ Իրանի հետ կնքված միջուկային գործարքն ընդամենը անցյալի տապալված մոտեցում է՝ այդպիսով, ըստ էության, «յուղ քսելով Էրդողանի և ոչ միայն նրա սրտին»:

Հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի Անդրկովկասի հետ այն պարագայում, երբ այս տարածաշրջանի հանդեպ մշտապես հավակնություններ ունեցող երկիրը՝ Թուրքիան, դուրս գա վերահսկողությունից ու փորձի իրենը թելադրել ոչ միայն Միջագետքում, այլև մի տարածաշրջանում, ուր մենք ենք ապրում: Պարզից էլ պարզ է՝ մեծ է վտանգը, որ ինչ որ մի պահի Էրդողանին կարող են դուրս բերել Ռուսաստանի դեմ. համենայնդեպս, Սիրիայի տարածքում այդ բախումը հաստատ անխուսափելի է լինելու, ու եթե Արևմուտքը չփոխի իր վերաբերմունքը Ասադի նկատմամբ, վաղ թե ուշ առնվազն սիրիական հողում Մոսկվան ու Անկարան կարող են բախվել միմյանց՝ ինչը նաև վտանգ կարող է ստեղծել Անդրկովկասի համար. Արցախյան հարցը կարող է դառնալ շանտաժի միջոց ընդդեմ Մոսկվայի, որին ընդհանրապես ձեռնտու չէ նոր հակամարտության բռնկումն այստեղ: Պուտինի առջև կարող են ուլտիմատում դնել. Անդրկովկասը կպայթեցնեն, եթե ՌԴ-ն շարունակի Ասադին պաշտպանել: Իսկ թե ինչ կարող է նշանակել Անդրկովկասի պայթեցումը Մոսկվայի համար, դժվար չէ կռահել:

Այնպես որ՝ բոլոր դեպքերում Մեծ Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման գրեթե բոլոր սցենարների պարագայում էլ Հայաստանի համար վտանգն ահռելի է. Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը թևակոխում է առավել վտանգավոր փուլ, ինչի հետևանքով Ալիևին կարող են ստիպել նոր ու շատ ավելի տոտալ հակամարտության գնալ Հայաստանի հետ: Կկարողանա՞ արդյոք ՌԴ-ն համոզել Ալիևին հրաժարվել նոր պատերազմ սանձազերծելու մտքից, իհարկե, դժվար է ասել, քանի որ այդ հարցում Ալիևի համար առավել հեղինակավոր ու շատ ավելի ազդեցիկ ուժեր կան, բայց որ Թուրքիայի աջակցման պարագայում բեղավորը հստակ քայլերի կգնա, անկասկած է. ապրիլյան պատերազմը՝ դրա վառ ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ