Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ» համաժողովում ներկայացրել է բուհական տարկետման համակարգի վերանայման առաջարկ, ներկայում գործող տարբերակի փոխարեն հանրային քննարկման ներկայացնելով նոր՝ «ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» անունը կրող մոդել, բանակի սպայակազմը համալրելու եւ արդիականացնելու նպատակով: Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը:

Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ: Այսպիսով, տարեկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ: Տվյալ պարագայում անհրաժեշտ են տնտեսական շոշափելի ռեսուրսներ:

Ինչպե՞ս են ձևավորվելու դրանք, տնտեսական վիճակի փոփոխությա՞ն շնորհիվ, որին կարծես թե ականատես չենք լինում, թե՞ կլինեն նոր նախաձեռնություններ «1000 դրամների» տեսքով, իսկ գուցե «1000 դրամների» նախաձեռնության շնորհիվ կկուտակվի պատկառելի կապիտալ, որը նախատեսվում է դարձնել փոփոխությունների տնտեսական հենքը:

Անշուշտ, ինքնին սա դրական նախաձեռնություն է, և, եթե մի պահ պատկերացնենք, որ ամեն ինչ նկարագրածի համաձայն արվի ու կոռուպցիան բացառվի, սա եւ՛ կրթությանը մեծ օգուտ կտա, ե՛ւ բանակի որակի բարելավմանը կնպաստի, հետեւաբար՝ երկրի անվտանգության մակարդակը կբարձրացնի: Մյուս կողմից եթե օբյեկտիվորեն նայենք այս նախաձեռնությանը, կարող էին ներկա սպաների աշխատավարձերը բարձրացնեին, արտոնություններ տային, որ օրական 30-40 փորձառու զինվորական չզորացրվի, որից հետո 18-20 տարեկան երեխաներին չտանեն առաջնագիծ։ Այսուհետ, անապահով ընտանիքների երեխաները իրենց կամքով կգնան առաջին գիծ ծառայելու, և ամեն անգամ ստիպված չեն լինի պարզաբանել, թե ինչպես է այդպես ստացվում:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ