Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ: Որոշումը հրապարակվեց ապրիլի 21-ի առավոտյան:
Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են: «Առաջիկայում դատարանի որոշումը գրավոր տեսքով կստանամ, պատճառաբանական մասը կուսումնասիրեմ, որից հետո նոր կարծիք կկազմեմ: Սպասելի որոշում էր: Պետք է պատրաստվեմ բողոքարկել վճռաբեկ դատարանում: Եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Բաբայանի փաստաբանը:
Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել:
Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Նրա նկատմամբ երկամսյա կալանքը խափանման միջոց է սահմանվել մարտի 24-ին: