Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ է, կգլխավորի բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր ապրիլի 24-ին Սիդնեյում կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի միջոցառմանը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

 

Ավստրալիայի ամենամեծ նահանգի վարչապետ Բերեջիքլյանին կմիանան խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թրենթ Զիմերմանը, խորհրդարանական Քրեյգ Քելին, այլ օրենսդիրներ, Հունաստանի դեսպանության ներկայացուցիչներ, հոգևորական այրեր, գիտնականներ, տեղի հայկական, հունական, ասորական և հրեական համայնքի ներկայացուցիչներ:

 

Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը ելույթ կունենա Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի տնօրեն Քեյթ Նահապետյանը, ով կխոսի փոխհատուցման խնդրի մասին: