Սովորաբար Հայոց հարցի լուծումը շատերը կապում են բացառապես արտաքին աշխարհի հետ. հենց այլ երկրների`Թուրքիայի հանդեպ որդեգրած քաղաքականությամբ ենք մենք պայմանավորում մեր արդար դատի ելքը: Սրանում, անկասկած, կա ճշմարտություն, ու ով ինչ ուզում է ասել, փաստը մնում է փաստ, որ առանց բարենպաստ արտաքին գործոնների մեզ երբեք չի հաջողվելու Թուրքիայից կորզել այն, ինչն օրենքով մեզ է պատկանում:

Ակնհայտ է, սակայն, որ կարևորագույն գործոնը այս հարցում, որ կարող է իսկապես մթնոլորտ ձևավոել, հզոր Հայաստանի ֆակտորն է: Մենք պետք է հասկանանք մեկ բան, եթե մենք չենք կարողանում պետություն կայացնել ու տեր կանգնել մեր շահերին ու ոտնահարված իրավունքներին, ոչ ոք պարտավոր չի լինելու մեր փոխարեն անել դա: Հետևաբար' ամենաառաջին բանը, որ այսօր ողջ հայությունը պետք է անի, հզոր Հայաստան ունենալն է. մենք պետք է հասկանանք պետականության արժեքն ու գիտակցենք մի պարզ ճշմարտություն. Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ամենամեծ գործոնը Հայաստան պետության գործոնն է լինելու, քանի որ ընդունված կարգ է`հզորների հետ են աշխարհում միայն հաշվի նստում:

Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք ռեալ արդյունքեր գրանցել, ապա պետք է առաջինը ոտքի կանգնեցնենք Հայաստանի Հանրապետությունը: Միգուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված` մեզ այդպես էլ չհաջողվի ասենք դառնալ միջուկային գերտերություն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ոչ մի հավակնություն չունենանք: Պետությունն աննպատակ չի լինում, ինչպես և անհատը, ուստի` առաջին բանը, որ պետք է արած լինեինք այս տարիների ընթացքում, առաջնահերթությունների սահմանումը պետք է լիներ, պետք է հասկանայինք `որն էր անկախության արժեքը և ինչին պետք է այն ծառայեցվեր: Այլ կերպ ասած` այսօր մեզ ազգային գաղափարախոսություն է անհրաժեշտ, նպատակակետ, որին պետք է ուղղված լինեն մեր բոլոր ջանքերը:

Անվիճելի է, որ հենց հզոր Հայաստանը պետք է դառնա մեր բոլորիս գործոնեության հիմքն ու նպատակը: Կունենանք կայացած պետություն, կունենանք իրավունք վերականգնելու պատմական արդարությունը, չենք ունենա հզոր երկիր` կլինենք անվերջ ողբացողների դերում. այսքանը մենք պետք է լավ հասկանանք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ