Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում վառ կմնա ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված Բագրատ Ալեքսանյանի հիշատակը: Ամեն անգամ դասասենյակ մտնելիս աշակերտներն ու ուսուցիչները ևս մեկ անգամ կհիշեն, որ հենց այստեղ է սովորել պատերազմում հերոսացած Բագրատը: Դասասենյակի հանդիսավոր բացումը կատարվեց հերոսի ծնողների՝ Արթուր Ալեքսանյանի եւ Նարինե Ասրյանի, եղբոր՝ Սամվել Ալեքսան յանի մասնակցությամբ: Ներկաների շարքում էին հերոսի ծառայակից ընկերները, ուսուցիչները, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլք:

Դասասենյակի պատերին փակցված էին հերոսի նկարները, կենտրոնում՝ նրա պատվոգրերն էին ու մրցանակները, իսկ դասասեղաններից մեկի վրա դրված էր հերոսի՝ վերջերս հրատարակված «Վերադարձ» գիրքը, որտեղ տեղ գտած ստեղծագործություններն ընթերցեցին հենց դպրոցի աշակերտները:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը չի դասավանդել Բագրատին, բայց համոզված է՝ թե´ Բագրատը, թե´մյուս տղաները միշտ պիտի հիշվեն:

«Իմ որդին եւս մասնակցել է քառօրյա պատերազմին, դեռ ծառայում է: Որպես գրականության ուսուցչուհի՝ շատ հաճախ եմ դասերի ժամանակ անդրադառնում հայրենիք, հայրենասիրություն թեմային, բայց սիրտս ավելի է փառավորվում, երբ գիտենք, որ ունեցել ենք երեխաներ, ովքեր այստեղ են սովորել, դաստիարակվել: Փառք հայ ազգին, որ կարողանում է փոքրաթիվ լինելով հանդերձ, պահպանել հայրենիքը, եւ այդ հայրենիքի պաշտպանները հենց մեր այս տղաներն են: Մեր 18-20 տարեկան զինվորները ստիպեցին հակառակորդին հրադադար խնդրել: Սրանից ավելի փառահեղ հաղթանակ ես չեմ պատկերացնում: Նրանք ապացուցեցին, որ չկա այն հակառակորդը, որ կարող է հային ծնկի բերել: Կարդալով Բագրատի ստեղծագործությունները՝ հասկանում եմ, թե ինչքան հարուստ ներաշխարհ է ունեցել մեր զինվորը: Այսօրվա խաղաղության համար պարտական ենք հենց այս երեխաներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ուսուցչուհին, ով հերոսի մորը որդու փոխարեն նվիրեց նրա համար այդքան սիրելի մի փունջ կարմիր վարդ:

Հերոսի մայրը' տիկին Նարինեն, դժվարանում էր նկարագրել զգացողությունները, որոնք այնքան հակասական էին՝ մեկ խորը հպարտություն, մեկ էլ անվերջ սպասում:

«Միայն մի բան կասեմ, որ հերոս չեն դառնում, հերոս ծնվում են: Բագրատը հենց հերոս էր ծնվել: Անընդհատ մի երազ էր տեսնում, որ ինքը Արարատ լեռան գագաթին է ու գոռում է՝ «այսօրվանից դու ազատ ես»: Շատ էր պատմում այդ երազը, քննարկում էինք, դրա ազդեցությամբ նա գրեց Արարատին նվիրված իր բանաստեղծությունը: Իմ որդին մի քանի ժամ շարունակ պայքարել է ու անմահացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց հերոսի մայրը:

Դասասենյակի պատին գրված էին Բագրատի վերջին տողերը՝

«Տեր Աստված,

մի բան եմ խնդրում. եթե մի օր ես ընկնեմ թուրքի գնդակից, մի խնդրանք ունեմ, որ այնպես անես, մայրս երբեք չլացի, աչքը չոր մնա. եթե մայրս չհանգստանա ու լաց լինի, հանգիստ չեմ գտնի երկնքում, իմ հոգին էլ չի հանգստանա, կսավառնի անդադար.

01.04.2016 թ.»:

Հերոսի ծառայակից ընկերներից Մյասնիկ Կարապետյանը նշեց, որ Բագրատի հետ ծառայել են նույն զորամասում հենց առաջին օրվանից, բազում դժվարությունների միջով անցել, միմյանց համար լավ ընկերներ են եղել: Նրա հիշողության մեջ Բագրատը կմնա հենց այնպիսին, ինչպիսին նրան ճանաչել է՝ նվիրված ու ընկերասեր:

«Այդ պահերը, որ ապրել ենք միասին պատերազմի ժամանակ, իսկապես, դժվար է նկարագրել: Միշտ պատրաստ ենք եղել կռվելու ու չէինք էլ նահանջելու, պարզապես ամեն ինչ անսպասելի էր. ոչնչի ժամանակ չէր մնում, մեկս մյուսին միայն ասում էինք՝ զգույշ եղեք»,- նշեց Մյասնիկ Կարապետյանը:

Բագրատ Ալեքսանյանն այդ դպրոցում սովորած միակ հերոսը չէ. այնտեղ սովորել են արցախյան ազատամարտի եւս երեք հերոս, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի հերոսներ՝ Տիգրան Բերակչյանը եւ Հրաչյա Մուրադյանը: Նրանց հիշատակին նվիրված եւս մեկ միջոցառում էր կազմակերպվել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ապրիլյան պատերազմի հերոսներ Սասուն Մկրտչյանի, Տիգրան Բերակչյանի, Ժորա Եսայանի, Արամայիս Միքայելյանի ծնողները, Հրաչյա Մուրադյանի կինը դստեր հետ: