Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ իր կուսակից ընկեր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գործունեության ընթացքում մի շարք պատմամշակութային արժեքներ է ոչնչացել:
Նախարարը հարց է ուղղում լրագրողներին՝ ուզում եք՝ ի՞նչ անեմ:
Լրագրողները խնդրեցին որպես մշակույթի նախարար՝ գնահատականներ տալ Տարոն Մարգարյանի քաղաքապետության տարիներին ոչնչացված Փակ Շուկայի, Աֆրիկյանների տան և այլ կառույցների հետ կատարվածին:
«Խոսքը վերաբերվում է Տարոն Մարգարյանին, ով շատ լավ իրականացնում է իր պարտականությունները և հավելյալ հորդորների կարիք՝ նա չունի: Ես նրա աշխատանքը գնահատում եմ շատ լավ, բավարար»,-այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանը խորհուրդ տվեց լրագրողներին՝ գնահատականներ չտալ, քանի որ դա խանգարելու է ներդրումային ծրագրերի իրականացմանը. «Եկեք մի փոքր հանդուրժող լինենք և հասկանանք՝ ինչ է ոչնչացվել, ով է ոչնչացրել և երբ»:
Նախարարը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարվել է ավարտին հասցնել «Հին Երևան» ծրագիրը, որի իրականացման համար որևէ խոչընդոտ չկա: Արմեն Ամիրյանը չցանկացավ ժամանակներ նշել «Հին Երևան» ծրագրի ավարտի հետ կապված՝ լրագրողներին հավաստիացնելով, որ ծրագիրն իրականություն կդառնա շատ սեղմ ժամկետում, ինչի մասին շեշտել է նաև վարչապետը:
Աղավնի Սուքիասյան