Ներքաղաքական ամենաինտրիգային հարցերից է այսօր այն, թե ինչ ճակատագրի կարժանանա նեկայիս Կառավարությունը, կպահպանվի՞, արդյոք, այն միևնույն կազմով, թե՞, այնուամենայնիվ, բոլորովին շուտով ստիպված ենք լինելու նոր մարդկանց տեսնել նախարարների աթոռներին: Ճիշտ է՝ շատերի մոտ այն համոզմունքն է տիրում, թե Կառավարության կազմի որոշման հարցում նախարարների պրոֆեսիոնալ ընդունակություններն ամենավերջինն են հաշվի առնվում բոլոր պարագաներում,սակայն, անկասկած է, որ այդ հարցը ևս ամենևին էլ չի անտեսվելու:
Նախ՝ միանշանակ է այն, որ այս Կառավարությունն իր արդյունավետությամբ ամենևին էլ մրցունակ չեղավ: Չնայած հատկապես Կարապետյանի կադրերից հասարակական սպասելիքները մեծ էին՝պայմանավորված նոր վարչապետի՝մեծ քաղաքականություն՝ խոստումնալից թվացող մուտքով,սակայն, այսօր ստիպված ենք ֆիքսել,որ դրական արդյունքերը մինիմալ են. ո՛չ մշակույթի ոլորտում, ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ ֆինանսերի և ոչ էլ, ասենք, առողջապահության ոլորտներում Հայաստանը ոչ միայն այս ընթացքում շոշափելի ձեռքբերումներ չի ունեցել,այլև որոշ նախարարություններ հասցրել են այնպիսի յուրատեսակ նորամուծություններով կամ նոր գաղափարներով հանդես գալ, որ մարդու «մազերն է բիզ-բիզ կանգնում»: Ասենք, միայն Օպերան սաունայի վերածելու Արմեն Ամիրյանի անհողդողդ որոշումն ու Լևոն Ալթունյանի՝անապահով խավերի՝ պետպատվերի հաշվին բուժօգնություն ստանալուն ուղղվող գումարների կրճատումն ու այս կարճ ժամանակահատվածում պետական պարտքի անտրամաբանական ավելացումը բավական են, որպեսզի պարզ դառնա՝ էքսպերիմենտն ընդհանուր առմամբ ձախողվել է:
Ինչ վերաբերում է այն նախարարներին, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են դեռևս նախորդ կառավարությունների օրոք ու շարունակում են նաև նոր պայմաններում, ապա այս հարցում պետք է ֆիսքսենք, որ իրավիճակը նույնն է՝ ո՛չ առաջընթաց, ո՛չ էլ հետընթաց. այստեղ կայուն վիճակը պահպանվում է՝ հավատարիմ բոլոր ընդունված կարգերին՝պայմանականորեն ասած՝ իհարկե՛: Իսկ ահա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ականների պարագայում աղմուկը մի փոքր շատ ստացվեց կարծես,իսկ արդյունքը՝կրկին աննկատ:
Մի խոսքով, ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք ներկա Կառավարության գործունեությունը,պետք է ասենք, որ եթե դրա կազմը վերանայվի, ապա երկիրը մեծ կորուստ չի արձանագրելու, իսկ, թե ովքեր են մնալու, իսկ ովքեր են ստիպված լինելու համակերպվել իրենց անտիտղոս վիճակին, ցույց կտա ժամանակը, իսկ ավելի ճիշտ՝ պարզ կլինի ամենավերջին պահին. Ճանապարհային քարտեզը դեռևս մշակման փուլում է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ