Ռեժիսոր Օլիվեր Սթոունը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր ֆիլմի մասին, որը շուտով դուրս է գալու ամերիկյան վարձույթ. գրում է Russia Today-ը:
«Դա վավերագրական ֆիլմ չի լինելու, այլ ավելի շուտ՝ հարցազրույց: Պուտինը համաշխարհային ամենակարևոր առաջնորդներից մեկն է, և քանի որ ԱՄՆ-ն նրան հայտարարել է ոխերիմ թշնամի, կարծում եմ՝ շատ կարևոր է լսել, թե նա ինչ է ուզում ասել: Ֆիլմում կներկայացվի տեսանկյուն, որը մենք՝ ամերիկացիներս դեռ չենք լսել»,- պատմել է Սթունը Sydney Morning Herald-ին տված հարցազրուցում:
Ռեժիսորի խոսքով՝ երկու տարվա ընթացքում նա Ռուսաստանի նախագահի հետ չորս անգամ է հանդիպել:
«Նա բավականին ուղիղ է խոսում: Կարծում եմ՝ մենք ճիշտ արեցինք և նրան ամենալավ կողմից ցույց տվեցինք՝ ներկայացնելով (իր խոսքերը) արևմտյան հռետորաբանության ֆոնին, ինչը թույլ է տալիս բացատրել նրա տեսանկյունը, և մենք հույս ունենք, որ դա կօգնի կանխել հետագա չհասկացվածությունը և պատերազմի եզրին լինելու վտանգավոր իրավիճակը»,- ասել է Սթոունը: