Փհենյանը պատրաստ է նոր միջուկային փորձարկումներ իրականացնել «ցանկացած պահի և ցանկացած վայրում»: DW.com-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 1-ին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է՝ երկրի ղեկավարությունը գտնվում է «լիակատար պատրաստականության վիճակում»՝ արձագանքելու Միացյալ Նահանգների ցանկացած գործողությանը, որը թշնամական քաղաքականություն է վարում Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Շաբաթ գիշեր ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է իրականացրել: Զինվորականների տվյալներով՝ փորձարկումն անհաջող է անցել, և հրթիռը չի հեռացել Հս. Կորեայի օդային տարածքից՝ ընկնելով մեկնարկից քիչ անց: Ամենայն հավանականությամբ դա KN-17 միջին հեռավորության բալիստիկ հրթիռ է եղել:
Այդ փորձարկումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Փհենյանի վրա: