2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվարից մինչև մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի:

Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ստացվում է, որ ամսվա կտրվածքով մոտ 400 քաղաքացի հրաժարվում է իր երկրի քաղաքացիությունից, իսկ պատճառն այն է, որ երկիրը գրավիչ ու անվտանգ չէ այդ քաղաքացիների համար: Մարդիկ իրենց անվտանգ ու պաշտպանված չեն զգում իրենց երկրում և հեռանում են:

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին որոշակի չափով նպաստել է նաև ընտրություններից հետո մարդկանց մեջ առաջացած հիասթափությունը, բայց դա անվտանգության հարցերի կոնտեքստում չնչին տոկոս է կազմում: Մարդիկ հեռանում են, քանի որ չեն տեսնում այդքան երկար ժամանակ խոստացվող տնտեսական աճը, որը ենթադրում է աշխատատեղերի ավելացում, իսկ դա էլ ենթադրում է, որ ավելի քիչ մարդ պետք է գնա արտագնա աշխատանքի: Բայց գնում է ավելի շատ մարդ, քան նախորդ տարի:

Դա նշանակում է, որ Հայաստանում ոչ մի տեղաշարժ էլ չկա նոր աշխատատեղերի առումով, և ինչքան նորերը բացվում են ու իշխանությունը գովազդում, այդքան էլ ուրեմն փակվում են հին աշխատատեղեր, որոնց մասին իշխանությունը լռում է: Կամ էլ, եթե աշխատատեղեր բացվում են, ապա դրանք այնքան ցածր աշխատավարձեր են ապահովում մարդկանց համար, որ նրանք այդ աշխատատեղերի հաշվին անկարող են իրենց ընտանեկան, սոցիալական կարիքները հոգալ և ստիպված են հեռանալ ավելի շատ: Հայաստանին լուրջ և թարմ շնչառություն է պետք. արմատական բարեփոխումներ են պետք մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության և իրականացման, կոռուպցիան կանխելու, խոսքի և կարծիքների արտահայտման ազատությունն ու բազմազանությունը իրականացնելու և ապահովելու բնագավառներում:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ