Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե սա այն թաղամասն է, որտեղ ինքը մեծացել և ապրում է:

«Սա այն թաղամասն է, որտեղ փոքր տարիքից ապրել եմ, վազել, ամեն թուփ ու քար տեսել եմ, ձեր աչքի առաջ եմ մեծացել»,- նշեց նա:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր դեռևս 12 տարի առաջ վստահեցին իրեն և ինքը դարձավ Ավան համայնքի ղեկավար, 2009-ին՝ ավագանու անդամ, 13-ին՝ քաղաքապետ: Նա իր խոսքւմ նշեց, որ եկել են թիմով ներկայացնելու իրենց ծրագրերը, և այն աշխատանքները, որ 4 տարի առաջ կատարել են․ «4 տարի առաջ եկել ենք «Ավելի լավ Երևան» ծրագրով և այսօր կարող են ասել՝ ունենք ավելի լավ Երևան»:

Նա ընդգծեց՝ Երևանում դեռևս բազում խնդիրներ ու անելիքներ կան․ «Շատ հարցեր, առաջարկներ, խորհուրդներ մեր քաղաքացիներից լսել ենք և ներառել մեր քաղաքի 5-ամյա զարգացման ծրագրում: Այն փորձառու թիմով, որով հանդես ենք գալիս, 4 տարի օր ու գիշեր աշխատել ենք, գիտենք Երևանի խնդիրները, առաջնահերթությունը, ներառված են ծրագրում դրանք։ Այս փորձառու, աշխատասեր, բանիմաց թիմով կարող ենք այս ծրագրերը կյանքի կոչել՝ քաղաքային տրանսպորտ, բազմաբնակարան շենք, խելացի մայրաքաղաք»,- նշեց նա: