Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ավագանու թեկնածուների հետ այսօր  Աջափնյակ համայնքում հանդիպեց ընտրողների հետ:

Իր ելույթում նա նշեց, որ կարող են շատ երկար խոսել և ասել, թե ինչեր են կատարել, սակայն այդուհանդերձ նկատեց, որ բազում խնդիրներ դեռ մնացել են. «Մենք այս ոլորտում բարեփոխումներ ենք իրականացնելու, կառավարման մոդելն ենք փոխել և դրանից հետո մենք կունենանք նորմալ կառավարիչներ և նորմալ կառավարման մոդել»:

Քաղաքային տրանսպորտի մասին քաղաքապետի թեկնածուն ասաց, որ բոլորը տեսնում են, որ ճգնաժամ է և մի քանի տարի առաջ իրենք այդ խնդիրը փորձեցին մասամբ լուծել, սակայն չհաջողվեց։ «Այս տարիների ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և մեծ փորձ ենք ձեռք բերել»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ կարող են հասնել գերակա այդ խնդրի՝ քաղաքային տրանսպորտի հարցի վերջնական լուծմանը՝ առանց քաղաքացիների համար սոցիալական բեռ ավելացնելու»:

Քաղաքապետի թեկնածուն նաև հավելեց՝ «Ձեռքներս ծալած չենք նստել և չենք նստելու»: 

«Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք մեր կատարած աշխատանքով, իրատեսական ծրագրով, եկել ենք ասելու, որ վստահեք այն թիմին, ով գիտի ժողովրդի դարդ ու ցավը, Երևանի խնդիրները»,-եզրափակեց նա: