ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներն, ըստ որոնց, ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40,99 տոկոսը կամ 345 226 ընտրող:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով ավագանու ընտրություններին երևանցիների մասնակցության ցածր ցուցանիշի մասին, նշեց, որ ընտրություններին այդքան քիչ թվով ընտրողներ մասնակցեցին, քանի որ Երևանում երևանցիներ էլ չեն մնացել. «Երևանում էլ երևանցիներ չեն մնացել, բացակայում են, մյուս պատճառն այն է, որ այս ընտրացուցակներում գերեզմանոցից հոգիներ չէին ընդգրկվել: Մասնակցության այդքան ցածր ցուցանիշի պատճառներից է նաև համարվում այն ապատիան, որի մեջ հայտնվել է հասարակությունը: Ըստ իս՝ կարևոր դերակատարում ունեցավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունն այս ընտրությունների քարոզարշավում»:
Ըստ մեր զրուցակցի՝ «Հանրապետական» կուսակցության հաղթանակի ամրագրման հիմքում դրված են ադմինիստատիվ ռեսուրսները, որոնց ապացույցը նախորդ ընտրություններին ազգաբնակչությունը տեսավ. «Գործի դրվեցին ադմինիստրատիվ ռեսուրսներն իրենց բարեկամներով և ծանոթներով, և սրա ապացույցը ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունն է: Եթե ՀՀԿ-ն 50 տոկոս ձայներ հավաքեց այս մեթոդով, ապա մյուս 50%-ը թե ինչպես հավաքեց, մնում է շատ լուրջ հարց և քննարկման առարկա»:
Դիտարկմանը՝ փաստորեն Հայաստանում մենաշնորհ է ոչ միայն բիզնեսում, այլ նաև իշխանության մեջ, և որևէ այլ կուսակցության չի հաջողվում իշխանություն վերցնել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Եթե հանեն Կարեն Կարապետյանի գործոնը, այն, ինչ արդեն պատրաստվում են անել, և եթե այս ոճով, այս թաղային հեղինակություններով շարունակեն, ապա այս փոքրիկ Հայաստանում ամեն ինչ կավարտվի «Սասնա ծռեր» 2-ով, 3-ով կամ 4-ով, սակայն մի տարբերությամբ. այս «Սասնա ծռեր»-ը չեն կրկնի «Սասնա ծռեր» 1-ինի կատարած լրջագույն սխալները: Նրանք ավելին կանեն, այնպես որ՝ իշխանությունները պետք է մտածեն, թե ուր են գնում, քանի մեծ խնդրի առաջ չեն կանգնել»:
Ճշտող հարցին՝ իսկ ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է հեռացնել վարչապետին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հիմա այդ քայլին չեն դիմի, կվախենան ՀՀ քաղաքացու ընդվզումից, բայց հենց իրենց դիրքերն ամրապնդեն, նրանք թույլ չեն տա , որ Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ»:
Աղավնի Սուքիասյան