Լուսանկարիչ Վահե Աղամյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Լոռվա հրաշագեղ անկյուններից, ու ակնարկ՝ իր համար ևս նոր բացահայտված այդ անկյան ու այնտեղ տանող ճանապարհի մասին:
Ակնարկն ամբողջությամբ եւ լուսանկարների մի մասը ներկայացնում ենք ստորև.
Արջաջուր ջրվեժի բացահայտումը...Լոռվա գաղտնի հրաշալիքներից մեկը
Նոր Լորուտից իմ քեռի Սեյրանը զանգեց, թե՝ «մանկության ընկերներով գնում ենք մի կուսական վայր, որտեղ հազվադեպ են մարդիկ լինում, դեռ ավելին, ոչ մի անգամ չեն լուսանկարել: Կցանկանայի, որ գայիր մեզ հետ, ժամանակն է, որ բոլորն իմանան Արջաջուրի մասին: Բայց պետք է «Վիլիսով» դժվարանցանելի ու վտանգավոր տեղերով անցնենք»:
Ասացի՝ գալիս եմ:
«Բայց պետք է մի քանի կիլոմետր էլ դժվարանցանելի անտառով գնանք»:
Պատասխանեցի՝ «համաձայն եմ» ու գնացինք:
Ես ասեմ ճանապարհ՝ դուք խոր-խոր խրամատներ պատկերացրեք, ես ասեմ ճանապարհ՝ դուք սարի աստիճանաձև լանջեր պատկերացրեք, որ նայում ես՝ ասում ես՝ հիմա Պալոյանց Կամոյի «վիլիսը» էստեղ չի անցնի, բայց՝ չէ. փորձառու վարորդը գիտի ինչպես վարի մեքենան: Ասացի ու ասացի և մոռացա ուղեկցողներիս հետ ձեզ ծանոթացնեմ. Դավիթ Սարգսյան՝ այժմ Լորուտի դպրոցի տնօրեն, Սեյրան Սահակյան՝ իմ քեռին, նույն դպրոցի փոխտնօրեն, նրա որդի Գևորգը և մեզ արդեն ծանոթ Պալոյանց Կամոն՝ մեր վարորդը:
Մինչ կանգ առնելն անդադար բարձրանում էինք դեպի Լորուտ գյուղի դիմացի բարձունքներից մեկը: Մենք իջանք մեքենայից, սկսեցինք ոտքով իջնել դեպի ձորը, որտեղ՝ է՛լ հաստ կաղնիներ, է՛լ աճարքիներ, է՛լ ծաղկած մեղրատանձի… Գնում ենք ու իմ քեռի Սեյրանը պատմում է. « էս ծառը են վախտ ա՜յ էսքան էր, տես ինչ ա դարձել, էն ձորում ապրանքն էր արածում, էն տախտում մենք խաղում էինք, էնտեղ հնձում, էս կաղնու տակը փուչ էր, մենք երեխեք էինք, անցնում էինք փուչ մասով՝ հիմա փակվել է...Էն Ահի թալեն, էն Փողասարը, որտեղից ոսկի են գտել...
Էսպես խոսելով, հասանք իրենց հին «սարատեղ» (որտեղ ամռանը անասունները տանում են լեռնային արոտավայրեր, իրենք էլ ընտանիքներով ապրում փայտաշեն փոքրիկ տնակներում (օդա)): Այստեղ կար նաև հին գերեզմանոց, որոնց տապանաքարերի գրվածքները մաշվել էին և հայտնի չէ, թե դա ինչ գերեզմանոց է:
Թե ինչքան են 3 ընկերներով խաղացել, չարչարվել, երեկոները կրակի շուրջ լսել մեծերի պատմությունները, դա էլ իրենք կիմանան:
Մի քիչ էլ օդաների մոտ հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի ձորը, որտեղից արդեն լսվում էր Արջաջուր ջրվեժի շառաչյունը։ Այստեղ ինձ առաջարկեցին քարի տակի խանութի մոտով գնանք (Ինձ ու ինձ մտածում եմ. «ա՛յ մարդ, էս չոլի կեսին ի՞նչ խանութ», բայց ձայն չեմ հանում)։
Դու մի ասի՝ քեռիս ու իր ընկերները, երբ երեխա էին, կոնֆետները պահել են իրենցից, քիչ-քիչ տվել, որ միանգամից չուտեն-վերջացնեն: Երբ մեծերը անտառում են եղել, իրենք ոնց փնտրել են, չեն գտել, երեկոյան վերադարձել են, էլի ամեն մեկին իրենց բաժին քաղցրավենիքը տվել: Երեխաները հարցրել են, թե «որտեղի՞ց կոնֆետը », պատասխանել են՝ «Քարի տակի խանութից», իսկ քարի տակ գնալը արգելված է եղել, էն ժամանակ էլ գել ու գազանը շատ, երեխեքը վախեցել են տներից շատ հեռանան, չեն գնացել․․․
Իսկ քարի տակ ոչ մեծ քարանձավ էր, որտեղ հին ժամանակներում առաջը փակել ու ոչխար են պահել ․․․
Ճանապարհից ու պատմությունից մի քիչ շեղվեցինք, արդեն Արջաջուրի վշշոցը ավելի հստակ էր լսվում ու մենք շարժվեցինք ձայնի ուղղությամբ... Դեռ երբեք այսքան հետաքրքրությամբ չէի լցվել, քանի որ պիտի տեսնեի հեռու անտառում կորած ջրվեժ, անունը՝ Արջաջուր: էս Դավիթն էլ թվանք էր բերել՝ ասաց ապահովության համար է, կարող է՝ իրոք արջը առաջներս կտրի, ասի. «էս ո՞ւր եք գնում. էս իմ հանդն ա, իմ ջուրն ա»․․․Մենք մոտենում էինք, իսկ ջրի ձայնն ավելի ու ավելի էր ուժեղանում։ Հանկարծ մեր առջև բացվեց ժայռը երկու կես արած ջրվեժը, որը մոտ 6-7 մետր բարձրությունից թափվում էր իր փորած գռի մեջ (ջուրը խփելով ժայռին, բնական վաննա էր առաջացրել), և փոքր-ինչ հանդարտված՝ իջնում ու հոսում էր դեպի ձորը՝ խառնվելու Մարցիգետին...
Լուսանկարչի՝ առաջինը նկարելու ագահությունը խառնվել էր հիացմունքին: Մի պահ չգիտեի՝ ինչ անեմ. ինձ հավաքելով, շարժվեցի դեպի դիմացի լանջը, այնտեղից նկարելու համար, իսկ ուղեկիցներս մոտեցան ջվեժին: Մի քիչ հանգստանալուց հետո՝ սկսեցին Արջաջուրի մոտակայքից բլդրղան (լայն տերևներով բույս, որը այլ վայրերում հայտնի է քեղ անվամբ) քաղել թթու դնելու համար. բույսը շատ օգտակար է և հարուստ է յոդի քանակությամբ: Ես էլ իմ «բերքն» էի հավաքում, նկարելով, որ դուք տեսնե՛ք, հիանա՛ք, ցանկանաք գալ-վայելել էս ձորը, կտրվել հեռախոսներից ու ժամանակակից աշխարհից, քանի որ այստեղ ոչ մի կապի միջոց չէր աշխատում ու կարող ես լիակատար կտրվել աշխարհի թոհ ու բոհից: Իսկ ամռանը կարելի է պառկել ջրվեժի գռի մեջ, որտեղ ըստ ավանդության՝ արջերն են ամռանը հովացել, փախչելով տապից։ Հենց դրա համար էլ տեղանքին Արջաջուր են ասում․․․Ասում են, թե հին ժամանակներում արջը մի հորթ է գողացել։ Էս գյուղի որսորդներն էլ հավաքվել, հետքերով գնացել են ու այդպես գտել են այս ջրվեժը, որի մոտ արջը հորթի միսը ձագերի հետ վայելել ու պառկել է գռի մեջ: Տեսնելով, որ արջը ձագեր ունի, չեն ցանկացել ռիսկի դիմել, քանի որ մայր արջը ավելի վտանգավոր է, հատկապես՝ երբ վիրավոր է: Թողել են և հեռացել, միայն տարիներ անց, երբ արջերի թիվը պակասել է, մոտակայքում սարատեղ է հիմնվել․․․
13,05,2017 թ Վահե Աղամյան
Հ.Գ. -Քիչ մնաց մոռանայի, մեզ հետ խորովածի միս էինք տարել, որ մասրի ձողերով խորովենք, բայց պարզվեց՝ հացը մոռացել ենք … և երևի բարին էլ դա էր, եթե միսն ուտեինք, արաղը խմեինք, ո՞վ էր մեզ էդ ձորից տուն բերելու: Արջե՞րը … դժվար թե․․․
Հասցեն՝ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Լորուտ, իսկ ջրվեժը գյուղի մոտակայքում է՝ ծովի մակերևույթից մոտ 1450 մ բարձրության վրա: