Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի՝ օրերս անցկացրած Հայաստանի առաջնությունն աչքի ընկավ սաների բարձր պատրաստվածությամբ, ամուր ոգով և հայրենասիրությամբ։

 

Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը նշեց, որ առաջնությունը նվիրված էր քառօրյա պատերազմում զոհված զինվորականների հիշատակին և մայիսյան հաղթանակների պատվին։ «Մասնակցում էր շուրջ 300 երեխա՝ տարբեր մարզերից, Երևանից և Արցախից։ Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան իր սպորտային գործունեությունից բացի, աշխատում է ամեն հարցով սատար կանգնել մեր հայոց բանակի հզորացմանը և մեր զինվորականների շարքերը համալրել առողջ, խելացի, ուժեղ մարդկանցով»,- ասաց Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահը։

 

Խաչիկյանի խոսքով՝ թաեքվանդոն առաջին հերթին մարտարվեստ է, նոր միայն մարզաձև, իր բարոյահոգեբանական փիլիսոփայությունն ունի․ «Մեր գերնպատակը ոչ թե դիմացինին պատժելը կամ մեր ֆիզիկական հատկություններն է, այլ տիրապետելով հնարքներին, զսպել խոսքով, այնպիսի հնարքներով, որոնք առիթ չեն տա վնասել դիմացինին, քանի որ մարտարվեստի գաղափարախոսությունը՝ «Առողջ մարմին, առողջ հոգի» ունենալուց բացի, կարողանալ լինել հավասարակշռված, զուսպ մարդ»։

 

Ֆեդերացիայի գործունեության նպատակը առողջ ռազմահայրենասիրական ոգով ուժեղ տղաներ ունենալը, հոգով և մարմնով ամուր սերնդի դաստիարակումն է․ երիտասարդ մարզիկները համալրել և համալրում են զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները։