Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հավակնորդ, ընտրյալ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ելույթ ունեցավ՝ խոստանալով, որ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ձեռնամուխ է լինելու օրենսդրական լայն գործունեության:  

 

«Ես, որպես տնտեսագետ, հետամուտ եմ լինելու սոցիալական, տնտեսական բլոկի խնդիրներին, զբաղվելու եմ դրանցով. կուսակցական շահը մղվելու է ետին պլան, առաջ է գալու պետական շահը: Ես հավատում եմ, որ մենք միասին կարող ենք առաջ շարժվել, և, կարծում եմ՝ խնդրի առկայության դեպքում պարզ խոսում ենք և այդ խնդիրները կլուծվեն»: 


Միքայել Մելքումյանին Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկեց ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:

 

Հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Մեր դաշինքը ընդունել է որոշում, որ դաշինքի անդամ պատգամավորներն այսօր քվեարկեն խղճի մտոք: Մենք մեր պատգամավորներին թողել ենք ազատ»: 

 

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմադիր կուսակցության պատգամավորների խիղճը նրանց տարավ դեպի իշխող կուսակցության թեկնածուն, Միքայել Մելքումյանն ավելացրեց. «Երկար քննարկումներ են եղել և որոշել ենք լինել ազատ»: